Ադրբեջանում այսօր Միլի մեջլիսի ընտրություններ են
Ադրբեջանում այսօր անցկացվում են երկրի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի ընտրություններ:
Ընդդիմությունը դրանք բոյկոտում է՝ անվանելով անարդար, իսկ առաջատար որոշ կազմակերպություններ, որոնք կոչված են հետևել ընտրությունների ընթացքին, հրաժարվել են երկիր ուղարկել իրենց ներկայացուցիչներին:
Երկրի միապալատ խորհրդարանի աշխատանքներին 5 տարի մասնակցության իրավունքի համար պայքարում է 676 թեկնածու: Միլի մեջլիսում տեղերի քանակը, սակայն, սահմանափակված է 125 թեկնածուով, հայտնում է BBC-ն:
Փորձագետների կարծիքով՝ խորհրդարանում դարձյալ գերիշխող կլինեն երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմնակիցները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր դաշինքը՝ Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, հրաժարվել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
Մի շարք այլ կուսակցություններ ևս, այդ թվում՝ Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունը, նույնպես որոշում է կայացրել բոյկոտել ընտրությունները:
Սեպտեմբերին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հայտարարեց, որ դիտորդներ չի ուղարկի՝ հետևելու Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին՝ «կապված այն սահմանափակումների հետ, որ դրել են Ադրբեջանի իշխանությունները»:
Դրա հետ միասին, հոկտեմբերի 30-ին Ադրբեջան է ժամանել ԵԽԽՎ պատվիրակությունը՝ հետևելու երկրում անցկացվող խորհրդարանական ընտրություններին:
Իր հերթին, ԱՊՀ դիտորդական առաքելությունը հայտարարել էր Ադրբեջան իր 70 աշխատակիցներին գործուղելու մասին:
Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին կարող է մասնակցել ավելի քան 5,1 մլն ընտրող: