«Այս մոբիլիզացիան ընդդիմությունը Հայաստանում երբեք չի ունեցել»

«Վարչական ռեսուրսի օգտագործման շուրջ մտահոգությունները չեն վերանա, քանի դեռ վստահություն չենք ձևավորել ընտրությունների հանդեպ»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա՝ նույնականացման քարտերի իմաստը ընտրական իրավունքի իրացումն է, որ պետք է բավարարվի և արհեստական խոչընդոտներ չպետք է լինեն: Ա.Ռուստամյանի կարծիքով՝ հարցը գերակա նշանակություն ունի և ընդդիմությունն ու իշխանությունը չեն կարող այս խնդիրն անտեսել, մեկ ընտրողի իրավունքն էլ պետք է հնարավորություն տրվի, որ լիարժեք իրականացվի: Պատգամավորը նկատեց, որ սա ընտրություն չէ, հանրաքվե է, որն առնչվում է ոչ միայն 5 կամ 4 տարվա իշխանության ձևավորմանը, այլ արմատապես փոխում ենք կառավարման համակարգ և որևէ մեկը չի կարող այս պրոցեսից դուրս մնալ: Նա կարևորեց վերահսկման խնդիրը. «Պետք է կարողանանք վերահսկման մեխանիզմներ ապահովել, որ քվեարկության նկատմամբ հսկողությունը լինի անհրաժեշտ մակարդակով»:

Ա.Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք առաջարկել են 4 տարբերակ, և եթե դրանից մեկն էլ իրականացվի, վերահսկողության մակարդակը կբարձրանա, առաջինը թանաքոտումն է, որ անհասկանալի է, թե ինչու է մեծամասնությունը համառում դա անել, երկրորդը՝ դրոշմակնիքն է, որ ID քարտեր թույլ չտրվեն քվեարկության, իսկ ովքեր չունեն անձնագրեր, ունենան ավելի պարզեցված մեխանիզմներ՝ ստանան 9-րդ ձև, որի պրակտիկան արդեն եղել է, կամ ID քարտեր ունեցողների առանձին ցուցակներ տրվեն ընտրատեղամասերին:

Ա.Ռուստամյանը նշեց, որ եթե սրանք մերժվեն, վստահության ֆոնը կնվազի: Նրա խոսքով՝ մի բան ակնհայտ է. եթե չկարողանան տեղամասերում վերահսկողություն ապահովել, ապա ոչ մի մեխանիզմ էլ չի աշխատի. «Այդ մոբիլիզացիան ընդդիմությունը Հայաստանում երբեք չի ունեցել, որ կարողանա խախտումների ծավալ արձանագրի, ու ընտրություններից հետո դնի դրա անվավերության հարցը ու ներկայացնի Սահմանադրական դատարան: Քանի դեռ սահմանադրական ու ընտրական համակարգերը չեն փոխվել, այլ խոսակցությունները շարունակվելու են: Եթե անգամ թանաքոտելն էլ արվի, այս խոսակցությունները չեն վերանա: Քվեարկությունը դառնում է թափանցիկ, մրցակցությունը դառնում է ազատ և արդար՝ սա ենք ուզում անել սահմանադրական փոփոխություններով»:

Ըստ նրա՝ պետք չէ սայլը դնել եզներից առաջ, պետք է անցնել բալանսավորված համակարգի ու ընտրությունների հանդեպ վստահությունը կվերականգնվի: ՀՅԴ խմաբակցության ղեկավարը կարևորեց, որ քվեարկությունն անցնի լեգիտիմ պայմաններում: Նա նշեց, որ ՀՅԴ-ն իր մասով ապահովելու է վերահսկողություն բոլոր տեղամասերում ու հետևելու են, որ հանրաքվեն լինի ժողովրդավար չափանիշներին համապատասխան:

«Սա համակարգային ճգնաժամ է, և մենք խոսում ենք համակարգային ճգնաժամից դուրս բերելու մասին: Ունենք ընտրելու այն մեխանիզմները, որ ունենք, պետք է դրանով փորձենք անել առավելագույնը»,- ասաց Ա.Ռուստամյանը՝ խոստանալով կեղծիքներ տեսնելու դեպքում բարձրաձայնել:

Տեսանյութեր

Լրահոս