«Խախտումների դեպքում լուրջ խնդիրներ կունենան ոչ միայն հանրապետակները, ոչ միայն դաշնակները, այլև բոլորը». Վահրամ Բաղդասարյան

«Եթե չի անցնում Սահմանադրությունը, ժողովուրդը «Ոչ» է ասում, ես այդտեղ մեծ պրոբլեմներ չեմ տեսնում»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ այն քաղաքական ուժը, որ կձգտի խախտումներ անել մեր մայր օրենքի քվեարկության ժամանակ, կխաթարի նաև մեր երկրի իմիջը, քանի որ միջազգային կառույցները նույնպես հետևում են այս գործընթացներին: Վ.Բաղդասարյանի խոսքով՝ խախտումների դեպքում հետագայում լուրջ խնդիրներ կունենան ոչ միայն հանրապետակները, ոչ միայն դաշնակները, այլև բոլորը:

Վ.Բաղդասարյանը կարևորեց հանրաքվեի պատշաճ ձևով կազմակերպումը: ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսները գործի դնելու մասին մեղարդանքներին ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ եթե համայնքների աշխատողների մեծ մասը Հանրապետական է կամ իրենց համակիրն է, ուրեմն չգնա՞ն քվեարկության:

Դիտարկմանը, որ գյուղապետերին հանձնարարվել է 100 ընտրողի դեպքում ապահովել 150 «այո», Վ.Բաղդասարյանը հակադարձեց, թե իրենք որևէ քարոզարշավ դեռ չեն սկսել, գյուղապետերի հետ չեն հանդիպել, միայն իրենց մարտավարությունն է մշակվում: Նա տարօրինակ համարեց այդ պնդումներն ու նշեց, որ ընդդիմությունը միշտ նախապես հայտարարում է, թե ընտրությունները կեղծված են, ու վանում են ժողովրդին, հայտարարում են, թե չեն մասնակցելու քննարկումներին, բայց տեսախցիկների ներկայությամբ անմիջապես մտնում են քննարկումների մեջ:

Վ.Բաղդասարյանը հայտարարեց, որ իրավունք չունեն ՀՀ-ից դուրս գտնվող մարդկանց հանել ցուցակներից, թեև դա իրենց էլ ձեռնտու չէ: Ըստ նրա՝ ինչքան մեծ է ցուցակների քանակը, այնքան «այո»-ի շեմն է բարձր. «Կարող են լինել խնդիրներ, անհանգստությոններ, բայց ամենքս պետք է զգոն լինենք և վերահսկողություն սահմանենք»: Նա նշեց, որ իրավունք չունեն որևէ մեկին զրկեն քվեարկության իրավունքից, և եթե հանկարծ նույնականացման քարտ ունեցող այդ 182 հազարին զրկեին ընտրելու հնարավորությունից, ընդդիմությունը կհայտարարեր, թե նրանք իրենց «ոչ»-երն են, ինչո՞ւ եք զրկում:

Ըստ նրա՝ Աժ նիստերի ժամանակ նույնականացման քարտերի վերաբերյալ ՀՀԿ մերժողական դիրքորոշումը միայն առաջին տպավորություն է. «Առաջին ընթերցման ժամանակ լսեցինք բոլոր առաջարկությունները, հանրապետականն ունի իր տարբերակները, իրոք կա խնդիր, և մենք պետք է գտնենք այն լավագույն տարբերակը, որ կիրառելի լինի և կարողանանք այդ բացը լրացնենք»:

Տեսանյութեր

Լրահոս