Նույնականացման քարտերով քվեարկե՞լ, թե՞ ոչ. Աժ-ում քննարկվում է վիճահարույց օրինագիծը

Այսօր ԱԺ նիստում մեկնարկեց ՀՀ Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում Հանրապետական պատգամավորների առաջարկած փոփոխությունների քննարկումը: Օրինագծերի փաթեթի հեղինակներն են Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանը և Գագիկ Մելիքյանը:

Հ.Սահակյանը ներկայացրեց, որ նույնականացման քարտը հանդիսանում է անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ այնպես, ինչպես թղթային անձնագրերը, որ տրվում է պետության կողմից և իր բովանդակային մասով լիարժեք փոխարինում է անձնագրին: Սակայն, օրենքի համաձայն, որպես ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ այն չի ճանաչվում: Ըստ Հ.Սահակյանի՝ պետք է ապահովել քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացումը և ընտրական իրավունքն իրականացնելու համար հնարավորություն տալ քվեարկությանը մասնակցել նաև նույնականացման քարտի ներկայացմամբ, քանզի հնարավոր են իրավիճակներ, երբ անձն ուղղակի չի ունենա կամ անկարող է ձեռք բերել ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված անձնագիրը:

Հ.Սահակյանը նշեց, որ 182 հազար 391 ՀՀ քաղաքացիներ ունեն միայն նույնականացման քարտեր, իսկ ավելի քան 558.401 քաղաքացիներ ունեն և՛ նույնականացման քարտ, և՛ թղթային անձնագիր:

Պատգամավորի խոսքով՝ օրենքի ընդունումից և վավերացումից հետո կմնա 15-20 օր: Նա կասկած հայտնեց, թե արդյոք կհասցնե՞ն պետական գնումների համակարգով ձեռքբերել սարքեր և գործարկել՝ կրկնաքվեարկությունը բացառելու համար:

Տեսանյութեր

Լրահոս