Անդրեասյանը հակադարձեց Ֆարմանյանին
«Կան ընդամենը մի քանի պատգամավորներ, որոնք ունեն որոշակի անձնական զգացողություններ: Պարոն Ֆարմանյանի մասին կարող եմ ասել, որ նա ունի իր քաղաքական շեֆի պատվերը, որ մի քիչ տգեղ, մի քիչ կեղտոտ ձևով, բայց իրականացրեց: Իր շեֆի հոգեաշխարհն էր ներկայացնում, քանի որ ես անձնական որևէ խնդիր չունեմ Ֆարմանյանի հետ, հետևաբար նման ելույթը պատվեր է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ արձագանքելով ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խիստ քննադատական ելույթին:
Ըստ Կ. Անդրեասյանի՝ եթե մի օր նա հայտնվի հակառակ կողմում և կալանավայրում նրան կծոտեն միջատները, այն ժամանակ պարզ կլինի ցինիզմով ապրելը և այն, թե արժե՞ր դրա մասին խոսել. «Ես հիմա միայն մի բան կարող եմ մաղթել կամ ցանկություն հայտնել, որ Աստված մի արասցե, եթե պարոն Ֆարմանյանը հայտնվի ճաղերի այն կողմում և եթե ես լինեմ ՄԻՊ, իր համար էլ կմտահոգվեմ, որպեսզի միջատներն իրեն էլ չկծոտեն, ինչպես կալանավորներին են կծոտում»: