«Էդպես քաղաքավարի, հուշիկ-մուշիկ չի լինի». Արամ Մանուկյանը՝ Կարեն Անդրեասյանին
Այսօր ԱԺ նիստում ՄԻՊ 2014թ. գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում անմխիթար վիճակ է և ՄԻՊ-ը պետք է հիմնական ընդդիմադիրը և հարձակվողը լինի: Նա նշեց, որ Հայաստանից արտագաղթելու բուն պատճառներից առաջինը հացի խնդիրն է, երկորդը՝ իրավունքների անպաշտպանությունը, մինչդեռ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ԱԺ-ում փորձում է մանևրել և ԱԺ-ից է պաշտպանություն փնտրում:
«Ումի՞ց եք պաշտպանություն փնտրում, էստեղ մեծամասնությունը մարդու իրավունքները խախտողներն են: Ձեր զեկույցը ադեկվատ չէ մեր իրականությանը: Դուք նշում եք երևույթը, բայց անուններ չեք նշում»,- ասաց Ա.Մանուկյանը՝ հավելելով, թե Սուրիկ Խաչատրյանի մասին կարելի է դասագրքեր գրել, իսկ Ռուբեն Հայրապետյանի մասին թրիլլեր կարելի է նկարել: Նա հիշեցրեց Վալդոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի, Գևորգ Սաֆարյանի դեպքերը ու նշեց, որ երբ քաղաքական մեծամասնության հետ չես, քո նկատմամբ կիրառում են այլ հոդվածներ:
Ա.Մանուկյանի խոսքով՝ ՄԻՊ-ի պաշտպանները կոնվենցիաներն են: Նա կոչ արեց Կ.Անդրեասյանին մի քիչ համարձակ լինել. «Ձեր ֆունկցիան իշխանության կողմից քարկոծվելն է, թեկուզ աշխատանքից հեռացնեն: Էդպես քաղաքավարի, հուշիկ-մուշիկ չի լինի»: Ըստ նրա՝ Հայաստանում գողական աշխարհն է հարց լուծում մարդու իրավունքների դաշտում և իշխանությունները հանդուրժում են դա:
«Միջավայրն այն չէ, որ քաղաքավարի մոտեցումներով խնդիր լուծվի»,- ասաց Ա.Մանուկյանը: