ID քարտերով կրկնակի քվեարկության տեսական հնարավորություն է ստեղծվում. Արամ Մանուկյան

«Հայաստանում 500 հազար մարդ կա, որ ունի և՛ ID քարտ, և՛ անձնագիր և, եթե այս օրենքն անցավ, նրանց հնարավորություն է տրվում մասնակցել ID-ով, իսկ դա նշանակում է, որ նրանք չեն ֆիքսվում և կրկնակի քվեարկության տեսական հնարավորություն է ստեղծվում: Սա կեղծիքների լուրջ բազա է և, եթե անգամ նրանց 1/5-ն էլ մասնակցի, նրանք տեսականորեն հնարավորություն են ունենում մասնակցել տարբեր տեղերում քվեարկությանը: Եվ այս դրոշմակնիք դնելու իմաստն էլ դա էր՝ բացառել կրկնաքվեարկությունը: Այսինքն՝ սա նշանակում է իրենք օրենքով հիմնավորում են և հնարավորություն են տալիս կրկնաքվեարկության»,- ԱԺ-ում 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ առաջիկա ընտրական գործընթացի նորույթը ID քարտերն են, որոնց բուն նպատակը հենց կրկնաքվեարկությունն է: Ա.Մանուկյանի խոսքով՝ խնդիրը մարդկանց քվեարկելու իրավունքը պաշտպանելն է, մարդն իրավունք ունի քվեարկելու, դա սահմանադրական իրավունք է, բայց իշխանությունն այս ընթացքում պետք է ապահովեր, որ ID քարտով քվեարկածի մասնակցությունը գրանցվի և բացառվի մեկ այլ տեղում նրա մասնակցելը: Պատգամավորը նշեց, որ սարքով շատ հեշտ է բացառել, ցանկացած մարդ  ցանկացած խանութում կարող է իր քարտով առևտուր անել և դա ամբողջ ցանցում երևում է:

Ա.Մանուկյանի կարծիքով՝ իշխանությունները սա միտումնավոր են անում. «Իրենք շատ լավ տեսնում են, որ հանրապետությունում մասսայական «ոչ»-ի կողմնակիցներ են, չկա որևէ մարդ, որ կողմ է սահմանադրական փոփոխություններին, և դրա համար իրենց լրացուցիչ կեղծիքի հնարավորություն է պետք: Ոչ թե 170 հազարի մասին է խոսքը, որ այդքանը միայն ID քարտ ունի, այլ 500 հազարի, որ ունեն և՛ ID քարտ, և՛ անձնագիր: Այսինքն՝ նրանք տեսականորեն կարող են քվեարկել միայն ID քարտերով և չֆիքսվել, որ մասնակցել են ընտրությունների և տեսականորեն նորից քվեարկել այլ ընտրատեղամասում: Եթե իշխանություններն արդարության կողմնակից լինին, հիմա էլ կներդնեին այդ համակարգը, որ սարքերով ֆիքսեն մասնակցությունը: Քվեարկության իրավունքից ոչ մեկին չպետք է զրկես, պարզապես պետք է բացառես կրկնակքվեարկությունը: Դա շատ հեշտ է և թանկ ծրագիր չէ: Էլեմենտար մեխանիզմ է և, եթե դրան չգնան, ապա նշանակում է, որ ակնհայտ առաջիկա հանրաքվեի մեջ լուրջ դաշտ կա և մեծ հնարավորություն կա խախտումներ անելու»:

Տեսանյութեր

Լրահոս