«Ոչ»-ի ճամբարում չկա միասնականություն
«Այո»-ի ճամբարում մասնատվածությունը վտանգավոր չէ, որովհետև «այո»-ի ճամբարը կազմակերպում է քվեարկություն և հաղթում է: «Ոչ»-ի ճամբարում է խնդրահարույց, որոհետև չի հաջողվում մեկտեղել ուժերը, չի հաջողվում ավելի արդյունավետ քարոզչություն ծավալել՝ առավելագույնս օգտվել օրենքով թույլ տրված քարոզչամիջոցներից: Համենայն դեպս, բնակչությանը չի պարզաբանվում, թե ինչի մասին է այս ամեն ինչը: Նաև դրանց շտաբները բավականին իրարից տարանջատված են, չկա միասնականություն, ավելին՝ չկա միասնականություն նաև խնդիրներում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը՝ գնահատելով սահմանադրական հանրաքվեին ընդառաջ «այո»-ի և «ոչ»-ի ճամբարներում ընթացող խմորումները:
Ըստ նրա՝ «ոչ»-ի ճակատում ուժերը չեն հասցնի միավորվել, քանի որ չափազանց տարբեր խնդիրներ են առաջ քաշում և շատ մեծ են տարաձայնությունները: Ա.Ենոքյանի կարծիքով՝ կարելի էր այդ տարբեր խնդիրներն ունենալով հանդերձ միավորվել «ոչ»-ի շուրջ, բայց նման միտում կարծես թե չկա:
Ա.Ենոքյանը նշեց, որ այս մասնատվածությունն կբերի նրան, որ «ոչ»-երը չեն կարողանա ոչ միայն արդյունավետ քարոզչություն կազմակերպել, ոչ էլ կկարողանան արդյունավետ կերպով հետևել հանրաքվեի ամբողջ ընթացքին: