«Այս օրերին մենք ամեն տեսակ վայրահաչություն կլսենք»
«Հիմնադիր խորհրդարանը «Չենք անցկացնի» նախաձեռնությանը միացել է հենց առաջին օրվանից: Մենք ողջունել ենք և ողջունում ենք միավորման բոլոր ջանքերը: Հոկտեմբերի 21-ին կայանալու է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շնորհանդեսը, որտեղ կխոսվի նաև սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող ուժերի հնարավոր միավորման հեռանկարի մասին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:
Դիտարկմանը, որ «ոչ»-ի տարբեր ուժերի միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը «այո»-ականները որպես սեփական հաղթանակ են դիտարկում, Գ. Չուգասզյանը պատասխանեց, որ հակառակ ճամբարը պետք է ամեն ինչ անի, որպեսզի փորձի տորպեդահարել այդ միավորումը և ամեն տեսակ վայրահաչություն այս օրերին մենք կլսենք. «Դա նորություն չի և մեզ բացարձակապես չի մտահոգում»:
Այնուամենայնիվ, «ոչ»-երի շրջանում մասնատվածություն կա՞, թե՞ տարաձայնությունները հաղթահարելի են, Գ. Չուգասզյանը նշեց, որ քաղաքական ուժերը նախագահական ընտրությունների չեն պատրաստվում, որպեսզի մրցեն իրար հետ, այլ սահմանադրական փոփոխություններին ընդառաջ գնում են ընդհանուր ճակատով և սա բացառիկ հնարավորություն է ընդդիմադիր ուժերի միավորման համար: