Բաժիններ՝

Մոսկվան խառնել է բոլոր խաղաթղթերը սիրիական կոնֆլիկտում. ԵՄ բարձրաստիճան դիվանագետներ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը արմատապես փոխել է այդ երկրում իրադարձությունների զարգացման ընթացքը:

Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 12-ին՝ բացելով Լյուքսեմբուրգում Եվրամիության արտգործնախարարների խորհրդի նիստը, տեղեկացնում է korrespondent.net-ը:

Նա մատնանշել է փաստեր, որոնք «հարուցում են չափազանց մեծ անհանգստություն»՝ որպես օրինակ բերելով ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքը հատելու փաստը:

Մոգերինին դարձյալ կոչ է արել ռուսական ղեկավարությանը Սիրիայում ռազմական գործողությունները կոորդինացնել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական դաշինքի հետ: Նման կոորդինացիայի բացակայությունը վտանգավոր է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական առումով, ընդգծել է նա:

Պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավո՞ր է Ասադի մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման բանակցություններում, Մոգերինին նշել է, որ դրանում պետք է ընդգրկվեն կոնֆլիկտի բոլոր կողմերը:
Այդ կարծիքին է նաև Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը, ում երկիրը նախագահում է Եվրամիությունում:

Չնայած այն բանին, որ, ըստ նրա, Սիրիայի ապագան կապված չէ Ասադի հետ, երկրի ներկայիս նախագահը, ինչպես և Ռուսաստանը, պետք է ներառված լինեն պատերազմի դադարեցման բանակցություններում:

«Մենք գտնվում ենք անցումային փուլում, չի կարելի թույլ տալ վակուումի առաջացում»,- հայտարարել է Ասելբորնը:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նույնպես նշել է, որ Ռուսաստանի միջամտությունը սիրիական կոնֆլիկտում փոխել է իրավիճակն ու խաղաղ կարգավորման գործընթացը դարձրել ավելի բարդ:

Այդ պայմաններում, ըստ նրա, չափազանց կարևոր է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցությունը ու հստակ գիտակցումը, թե «ով է իսկական թշնամին»:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի պնդմամբ՝ պայքարել պետք է ԴԱԻՇ-ի դեմ, այլ ոչ թե Ասադի դեմ հանդես եկող ընդդիմադիր խմբավորումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս