Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան նախազգուշացնում է Ռուսաստանին Սիրիայում վտանգավոր հետևանքներից

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մուհամմեդ բեն Սալմանն ու արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը խիստ քննադատության են ենթարկել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները:

Ինչպես հայտնում է Reuters-ը, սաուդցի նախարարները հայտարարել են, որ ռուսական ռազմական օպերացիան Սիրիայում հղի է այդ երկրի համար «վտանգավոր հետևանքներով»: Ասվել է, որ Մոսկվան ներքաշվում է «աղանդավորական պատերազմի» մեջ՝ նպաստելով կոնֆլիկտում նոր ծայրահեղական ուժերի ներգրավվածությանը ու շարքային սուննի մուսուլմանների օտարացմանը:

Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները կոչ են արել Մոսկվային օգնել Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմին՝ միանալով ավելի քան 20 երկիր ներառող կոալիցիային: Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսին Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ իր երկիրը կողմ է իշխանության ու Սիրիայի չափավոր ընդդիմության երկխոսությանը ու անցումային կառավարության ձևավորմանը:
Սաուդցի նախարարն ընդգծել է, որ իր երկիրը, ինչպես և Ռուսաստանը, ձգտում է պահպանել Սիրիայի ամբողջականությունը, սակայն պնդում է, որ Ասադը պետք է հրաժարական ներկայացնի:

Նա ասել է, որ Մոսկվան ցրել է իրենց մտավախություններն այն մասին, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները կարող են ընկալվել որպես Իրանի հետ դաշինք:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ երկխոսության ընթացքում կողմերը եկել են փոխըմբռնման, որը հարկավոր է Սիրիայի խնդրի հարցով հետագա համագործակցության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս