Բաժիններ՝

Հայաստան-Ալբանիա. մեկնաբանում են ֆուտբոլիստները

Ավարտվեց Եվրո-2016-ի ընտրական փուլը: Հայաստանի ազգային հավաքականը ևս ավարտեց իր ելույթները՝ այդպես էլ հաղթանակ չունենալով: Մեր ընտրանին վաստակեց ընդամենը 2 միավոր: Հերթական պարտությունը Երևանում էր, Ալբանիայի հավաքականի դեմ՝ 0:3: Այս անգամ հավաքականը պարտվեց ոչ միայն հաշվով, այլև խաղով: Խաղից անմիջապես հետո հավաքականի ֆուտբոլիստները կիսվել են կարծիքներով մեր ամենավատ մրցաշրջանի և խաղի մասին:

Մեր հավաքականի բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Պիցցելին գլխիկոր էր պատասխանում լրագրողների հարցերին.

«Շրջափուլն ամփոփելով` միայն մի բառ կա ասելու՝ ամոթ: Ալբանացիներն այդպիսի հավաքական չունեն, ինչպիսին մենք, բայց խաղադաշտում 11 խաղացողներ են. այդ պատճառով մենք ենք մեղավոր: Ունենք լավ հավաքական, լավ մարզիչ, բայց պետք է խաղադաշտում ցույց տանք:

Երկու – երեք տարի առաջ մենք լավ էինք խաղում. ցանկություն կար, ամեն ինչ կար: Հիմա պետք է սովորենք, որովհետև ֆուտբոլն անընդհատ փոփոխվում է՝ նշանակություն ունեն ֆիզիկականն ու տակտիկականը: Պետք է նայենք այլ հավաքականներն ինչ են անում ու մենք էլ անենք:

Ցանկության պակաս չկա, բայց ֆուտբոլն 90 րոպե է տևում. կարող է լինել անհատական սխալ, ուշադրության պակաս: Շրջափուլն ավարտված է, մենք քիչ գոլ ենք խփել ու դա չի նշանակում, թե մեր պաշտպանները մեղավոր են, նշանակում է, որ բոլորն են մեղավոր: Մենք գոլ խփելու շանսեր ունեցել ենք ու չենք օգտագործել:

Համամիտ եմ մեր ժողովրդի ամոթ գոռալուն: Ես էլ ինձ այդպես վատ զգացի»:

Հավաքկանի կազմում վերջին խաղերում իրեն լավագույնս դրսևորած Գաել Անդոնյանը ևս կիսվեց կարծիքով.

«Ֆրանսիայի դեմ խաղում լավ տեսք չունեինք, այսօր՝ ևս վատ հանդիպում անցկացրինք: Չէինք ցանկանում այսպես ավարտել շրջափուլը: Այո, կենտրոնական պաշտպանի դիրքում ինձ համար ավելի հեշտ է խաղալը: Մենք լավ չենք խաղում, ու երկրպագուները իրավունք ունեն սուլելու»:

Լրագրողի հարցերին պատասխանեց նաև դարպասապահ Գևորգ Կասպարովը, ով չցանկացած մեկնաբանել այն հանգամանքը, որ վերջին խաղերում 7 գոլ է բաց թողել՝ նշելով, որ եթե այդքան բաց է թողել, ապա մեկնաբանելու ոչինչ չկա:

Մեր հավաքականի փորձառու պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ևս համակարծիք էր խաղընկերների հետ: Ըստ նրա խաղը իրոք դժգույն էր, և երկրպագուները արդարացիորեն էին սուլում: Ռոբերտը նաև խոսեց «Հաղթանակը սկսվում է օրհներգից» պաստառի մասին.

«Ֆուտբոլիստներ կան, ովքեր երգում են օրհներգը, խաղացողներ կան՝ ոչ: Ես միշտ էլ երգել եմ ու երգում եմ: Հնարավոր է՝ ինչ-որ մեկը սնահավատ է, մեկ ուրիշը բառերը չգիտի, օրինակ՝ Գաել Անդոնյանը. ամեն դեպքում կարող եմ ասել, որ այդ հարցը մենք չենք քննարկել»,-լրագրողի հարցին ի պատասխան նշել է Արզումանյանը:

Խաղադաշտ դուրս չեկած Նորայր Ասլանյանն էլ նշեց, որ խաղից անմիջապես հետո հնարավոր չէ միանգամից հասկանալ՝որն է պատճառը.

«Պետք է նստենք և խոսենք հասկանալու համար ինչու այսպես ստացվեց: Ինչ-որ բան կա, որ այսպես եղավ:

Ես պատրաստ եմ խաղալու, մեծ հաճույքով եմ գալիս հավաքական և սպասում եմ իմ շանսին: Մարզումների ժամանակ պայքարում եմ, իսկ խաղաժամանակի հարցում ոչինչ ասել չեմ կարող»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս