Վահրամ Բաղդասարյանը հորդորում է իր գործընկերներին «Ոչ»-ի պրովոկացիաներին չենթարկվել
ՀՀԿ-ն դեռևս չի որոշել, թե ինչպես է անցկացնելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը հրամանագիրը նոր է ստորագրել, կազմակերպական հարցերը դեռ կորոշեն:
Ըստ նրա՝ հանրաքվեի քվեարկության հետ կապված այլընտրանք չկա, այն պետք է լինի հնարվորինս թափանցիկ, որովհետև գործ ունենք մայր օրենքի հետ, որին հետևում է ամբողջ միջազգային հանրությունը և, հորդորելով բոլոր քաղաքական ուժերին ու հանրությանը հնարավորինս թափանցիկության, Բաղդասարյանը վստահեցրեց, թե իշխանությունն էլ դրա համար անելու է հնարավորը. «Բնականաբար, կլինեն տարբեր քննադատություններ, ինչպիսի ընտրություններ կամ հանրաքվե էլ անցնի, որովետև լինումեն պարտվողններ, և իրենց կարծիքը չանցնելու դեպքում արդացումներ են լինում: Իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որ հանրաքվեն լինի թափանցիկ»:
Իսկ եթե հանրաքվեի արդյունքը բացասական լինի, ըստ Բաղդասարյանի, պայթունավտանգ իրավիճակ չկա, կշարունակեն շարժվել գործող Սահմանադրությամբ. «Առաջարկվող Սահմանադրությունը տարիների ընթացքում եփված է և ժամանակը հասունացել է, որ մեր երկիրը գնա ավելի ժողովրդավարական ճանապարհով»:
Դիտարկմանը, որ Լևոն Զուրաբյանն ասում է, որ փոփոխությունների շուրջ կոնսենսուս չկա, Վ.Բաղդասարյանը ուրախությամբ հակադարձեց, թե «լավ է, որ ասում եք ոչ թե քաղաքական ուժերը, այլ Լևոնը, Ջհանգիրը, Սասունը», բայց ինքն ասում է, թե քաղաքական ուժերը մեջ կա կոնսենսուս:
168.am-ի հարցին, որ եթե իշխանությունն այդքան վստահ է դրական արդյունքի մեջ, ինչո՞ւ է ճնշումներ իրականացնում «ոչ»-երի դեմ, Վ.Բաղդասարյանը հայտարարեց, թե «իրենք ցանկանում են, որ իրենց ճնշեն»: Նա հավաստիացրեց, թե ճնշումներ չկան ու չեն լինի, եթե նման պրովոկացիների չգնան, որ, օրինակ, պատգամավորը (խմբ. Արամ Մանուկյանը) նստի մեքենան ու չիջնի. «Եթե տեսնում են, որ իրենց «ոչ»-ը արդյունք չի տալիս, գնալու են պրովոկացիաների»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հորդորեց գործընկերներին պրովոկացիաների չենթարկվել: