«Չէի ասի, որ ԵՏՄ մտնելը խոչընդոտեց հայ արտադրողներին, ուղղակի կրիզիս է»

Գյուղատնտեսության նախարարությունը շատ լավ գիտեր, որ սպասվածից մոտ 40% ավելի խաղողի բերք է լինելու, բայց կազմակերպչական մոտցումները ճիշտ չցուցաբերեցին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ում խաղող մթերողները մասնավոր ընկերություններ են, որոնք ամիսներ շարունակ չեն կարողացել իրացնել արտադրանքը՝ ՌԴ-ում ռուբլու արժեզրկման հետկապված: Ա.Ավետիսյանը նշեց, որ այդ մասին վերամշակողները հայտարարել են վաղուց, դեռ այս տարվա փետրվարից, բայց իրավիճակը չի փոխվել. «Մի բան է արտոնյալ վարկեր տրամադրելը, մի այլ բան է, որ մթերողների տարրաները լիքն են և տարվա ընթացքում չեն դատարկվել, որ կրկին լցվեն խաղողի սպիրտով»:

Ամեն դեպքում, նա համաձայնեց, որ կառավարությունը պետք է արագ միջոցներ ձեռնարկեր՝ այլ ուղղություններով շուկաներ գտնելու համար, ինչը չի արվել: Այժմ, պատգամավորի կարծիքով, մթերողները պետք է իրենց լրացուցիչ ռեզերվներն օգտագործեն, որպեսզի այս տարվա մթերումները մինչև վերջ կատարեն, թեկուզև խաղողի արժեքը ամիսներ հետո վճարեն. «Գյուղացին դրան էլ է համաձայն, բայց այսօր խաղողը վազի վրա օր-օրի չորանում է: Եվ ընդհանրապես, խաղողի մթերումն այս տարի ուշ սկսեցին, եղանակային պայմանները բարենպաստ էր, շոգ էր և բերքը շուտ էր հասունացել, կարող էին մոտ 10 օր շուտ սկսել մթերումները և այսօրվա խուճապը չէր լինի: Այն, որ մի 300 մեքենա հավաքվում է մթերող մի կետի մոտ, դա լավ օրից չէ»:

Ա.Ավետիսյանի խոսքով՝ կառավարությունը պետք է իրացման մասին մտածի և շուկաներ փնտրի. «Ես չէի ասի, որ ԵՏՄ մտնելը խոչընդոտեց հայ արտադրողներին, ուղղակի կրիզիս է: Պետք էր մտածել եվրոպական շուկա արտահանելու մասին, բերել արագ համապատասխանեցնել չափանիշները ու արտահանել Եվրոպա»:

Տեսանյութեր

Լրահոս