7 հետաքրքրաշարժ փաստ հիասքանչ Սոֆի Լորենի մասին
Զարմանահրաշ Սոֆի Լորենը հիմա 81 տարեկան է. և ի՞նչ: Օրերս Dolce & Gabbana-ն հաղորդել է, որ Լորենը դարձել է իրենց նոր գովազդային արշավի «դեմքը»: Սոֆիի գեղեցկությունը, նրբագեղությունը, պերճաշուքությունը մինչ օրս թույլ են տալիս նրան մնալ բարձր նորաձևության աշխարհում:
1. Սոֆիա Վիլլանի Շիկոլոնեն ծնվել է 1934թ. սեպտեմբերի 20-ին, Հռոմում: Սակայն ապագա դերասանուհու մանկությունը և պատանեկությունն անցել են Նեապոլից ոչ հեռու` ձկնորսական փոքրիկ Պոցցուոլի քաղաքում: Բարձր հասակի և նիհարավունության պատճառով նրան արդեն մանկության տարիներին անվանեցին «Ստեկկետտո», ինչը նշանակում է՝ «Ձողիկ»:
2. Սոֆին 14 տարեկանում առաջին անգամ մասնակցեց տեղական գեղեցկության մրցույթին և հաղթեց: Իսկ արդեն 3 տարի հետո «Միսս Իտալիա» մրցույթում նա ստացավ «Միսս էլեգանտություն» մրցանակը, որը ժյուրին սահմանել էր հատուկ նրա համար:
3. Հերթական մրցույթին մասնակցելու ժամանակ Սոֆին ծանոթանում է պրոդյուսեր և իր ապագա ամուսին Կարլո Պոնտիի հետ, ով մեծ էր նրանից 22 տարով: Այդ ժամանակ Պոնտին ամուսնացած էր, իսկ կաթոլիկի համար ապահարզան ստանալն այդքան էլ հեշտ գործ չէր: Այդ ժամանակ սիրահարները որոշեցին գաղտնի ամուսնանալ Մեքսիկայում: Իսկ նրանից հետո, երբ Պոնտին այնուամենայնիվ ստացավ ապահարզան, Կարլոն և Սոֆին ամուսնացան երկրորդ անգամ:
4. Սկզբում դերասանուհին նկարահանվում էր Սոֆի Լազարրո ծածկանունով. դրանք հիմնականում էրոտիկ բովանդակությամբ ֆիլմեր էին: 1953թ. դերասանուհին Պոնտիի պնդմամբ փոխեց ծածկանունը Լորենի: Ավելի ուշ, միջազգային սկանդալից խուսափելու համար, Պոնտին ետ գնեց Լորենի բոլոր էրոտիկ ֆիլմերը:
5. Լորենը առաջին անգամ լրջորեն կինոքննադատների ուշադրությունը գրավեց Վիտորիո Դե Սիկայի «Նեապոլի ոսկին» ֆիլմում (1954թ.), որտեղ նա ընկնում է իր հարազատ տարերքի մեջ` խաղալով եռանդուն նեապոլիտանուհի կրպակավաճառի դերը: Ժողովրդի ծոցից դուրս եկած հասարակ կանանց դերերը, որոնց նա շատ լավ գիտեր մանկության տարիներին, և կարող էր դառնալ նրանցից մեկը, նրա մոտ ամենից լավ էին ստացվում և առաջացնում էին կինոքննադատների առավել բարեհաճ արձագանքները:
6. 1950թ. կեսերին Սոֆին դարձավ Իտալիայի աստղը և սեքս խորհրդանիշը: Սոֆին իր 60-ամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է 100 ֆիլմերում, իսկ նկարահանման հրապարակում նրա զուգընկերներն են եղել այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Ժան Պոլ Բելմոնդոն, Գրեգորի Պեկը, Քերի Գրանտը, Մարլոն Բրանդոն, Չարլի Չապլինը, Ֆրենկ Սինատրան և, անշուշտ, Մարչելլո Մաստրոյանին, ում հետ խաղացել է 14 ֆիլմում. նրանք կազմել են կինոյի պատմության ամենահայտնի դուետներից մեկը:
7. Լորենը բոլոր հիմնական կինոփառատոների պատվավոր մրցանակների դափնեկիր է. Կաննի (1961), Վենետիկի (1958, 1998, 2002), Մոսկվայի (1965, 1977), Բեռլինի (1994): 5 անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի` «Համաշխարհային հանդիսատեսի սիրելին» հատուկ անվանակարգում: Օտար լեզվով ֆիլմում լավագույն կանացի դերի առաջին «Օսկար» մրցանակի դափնեկիրն է (1962): Պատվավոր «Օսկարի» դափնեկիր (1991)՝ «Կինեմատոգրաֆին անմար փայլ հաղորդած հիշվող դերերով հարուստ կարիերայի համար» ձևակերպումով:
Ջենովայի Արքեպիսկոպոսը մի առիթով կատակել է. «Ըստ էության, Վատիկանը դեմ է մարդկանց կլոնավորմանը: Բայց Սոֆի Լորենի համար կարելի էր բացառություն անել»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը