Բաժիններ՝

«Ճանապարհը բացե՛ք, Ծառուկյանն ա գալիս» (տեսանյութ). epress.am

«Ճանապարհը բացե՛ք, Ծառուկյանն ա գալիս»։ Այս արտահայտությամբ մեկնարկ տրվեց Արմավիրի մարզի Ամասիա գյուղի մթերման կետի մոտ կես ժամ տևած աժիոտաժին։ ԲՀԿ նախկին առաջնորդ, խոշոր գործարար, «Երևանի Արարատ կոնյակի֊գինու֊օղու կոմբինատ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանը եկել էր խաղող հանձնող գյուղացիներին բացատրելու՝ որքան բերք է մթերելու իր գործարանը։ Ծառուկյանի այցից առաջ գյուղացիներից մի քանիսը հասցրել էին պատմել լրագրողներին, որ դեռ գարնանը իրենք գործարարին պատկանող մեկ այլ ընկերությունից ձողեր են ձեռք բերել, մեծացրել այգիները՝ շատ բերք ստանալու ակնկալիքով։ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր մթերել ամբողջ խաղողը, իսկ բարենպաստ եղանակն աննախադեպ առատ բերք է ապահովել։

Այժմ, սակայն, մթերման կետում նորատունկերից ստացած բերքը հրաժարվում են մթերել կամ այն վերցնում են խիստ սահմանափակ քանակաթյամբ, ու մարդիկ չգիտեն, թե ինչ անեն մնացածը։

Մեկ այլ խնդիր է այն, որ մթերման կետը երեկոյան 9-ին փակվում է, շատ քիչ քանակաթյամբ բերք է մթերում, որի հետևանքով ճանապարհին մեծ հերթեր են կուտակվել։ Գյուղացիների պնդմամբ՝ իրենք բեռնատարի վարորդներին յուրաքանչյուր օր կանգնելու համար 10 հազար դրամ են տալիս։ Խաղողագործները Ծառուկյանից ակնկալում էին գլխավոր հարցի պատասխանը՝ արդյո՞ք ամբողջ բերքը մթերվելու է։

Ծառուկյանի խոսքի մեկնարկը խոստումնալից էր գյուղացիների համար։ Նա հայտարարեց, որ մթերվելու է այնքան, որքան ինքը խոստացել է։ Ապա նշեց, որ մթերման կետն ամբողջ օրն է աշխատում, աշխատողները երկու֊երեք ժամով են գործից հեռանում՝ հանգստանալու, իսկ հերթերը կուտակվել են, քանի որ մարդիկ, չգիտես ինչու, վախենում են, որ խաղողը չի մթերվի, ու բոլորն իրար հետ են բեռնատարները մթերման կետի մոտ բերում։

«Այ ձեր ցավը տանեմ, մեկ ա գիտեք, որ ես իմ ասածը անելու եմ, պռոստո բոլորդ միանգամից հավաքում֊բերում եք․․․», ֊ «Կենտրոն» հեռուստաընկերության տեսախցիկի դիմաց կանգնած՝ ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա հորդորեց գյուղ առ գյուղ պայմանավորվել, որպեսզի բեռնատարները հերթով գան մթերման կետի մոտ, ապա նորից կրկնեց, որ իր խոստացածն անելու է՝ մթերելու է 45 հազար տոննա։

Ծառուկյանին մոտ կանգնած մարդկանց նրա ասածները, կարծես, հանգստացրեցին, սակայն հետևի շարքերում խաղողագործները միմյանց հետ անհանգիստ խոսում էին՝ փորձելով բարձրացնել նորատունկերից ստացած բերքի հարցը։ Նրանք միմյանց հորդորում էին բարձրաձայնել խնդրի մասին, սակայն ոչ ոք չէր ցանկանում դա անել։ Վերջիվերջո, հետևի շարքերից առաջ եկավ խաղաղագործերից մեկն ու ասաց, որ ինքը նորատունկերի հետ միասին նախորդ տարվանից 5 անգամ ավել բերք ունի՝ 60 տոննա, իսկ իրենից պատրաստ են ընդունել միայն այնքան, որքան անցյալ տարի՝ 14 տոննա։ Մինչդեռ, խաղողագործի պնդմամբ, ինքը հավելյալ ծախս է արել, ու այժմ հարկային պարտավորություններ ունի։

Հարցը Գագիկ Ծառուկյանի դուրը չեկավ․ «Դուք էսօր, ուզում եմ հասկանաք, ամեն մեկդ ձեր անձնական հարցը բրդելով․․․ 45 հազար տոննա ընդունել եմ, որտեղ լցնեմ, դու ինձ բացատրի՛, ես մի հատ հասկանամ»։

– Պարոն Ծառուկյան, բա մենք ի՞նչ անենք։
– Միայն Ծառուկյա՞նն ա էս երկրում։ Չհասկացա, կարո՞ղ ա քաքն եմ ընկել ձեր ձեռը, հարց եմ տալիս։ Բա չհասկացա, էդ ի՞նչ մոտեցում ա։ Ես, իմանալով ձեր վիճակը, նայելով ձեր դեմքին, ձեր ձեռքերին, որպես մարդ ինձ նեղություն եմ տալիս, որ գոնե էս մարդիկ կարողանան հոգսը որոշ չափով թեթևացնել։ Մենակ Ծառուկյանը չի էս երկրում, ցավդ տանեմ։ Ինձ պետք չի, բայց ես քայլ եմ կատարել, ձեր ցավը տանեմ, որ գոնե դուք, ոչ նեղվեք, ոչ չընկճվեք։ Հիմա դու բերել ես՝ մենակ քոնը տանեն, ախպեր ջան, բայց տենց չի չէ կարգը, ընկեր։

Մանրամասները` epress.am-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս