Բաժիններ՝

Սահմանային իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված. նախարար. azatutyun.am

«Ազատություն ռադիոկայանը» գրում է. Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակն, ըստ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի, շարունակում է մնալ կայուն լարված, սակայն հայկական ուժերի պատժիչ գործողություններից հետո հակառակորդն այլևս ծանր հրետանի չի կիրառում։

«Եթե այս գիշերը համեմատում ենք մյուս օրերի հետ, մի քիչ ավելի հանգիստ է եղել, խոշոր տրամաչափի զենքերից և ականաներից չեն կրակել։ Իրավիճակը մեր զորքերի կողմից վերահսկվում է, մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, որ հայ զինվորը առաջին գծում իր պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակով»,- ասել է նախարարը։

Սերյան Օհանյանը սահմանային լարվածության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դրական է գնահատում նաև Հայաստանի դիվանագիտական աշխատանքը. նախարարի կարծիքով՝ այն համարժեք է ռազմական գործողություններին. «Դրանք կատարվում են համահունչ, իրար հետ փոխկապակցված, իրար հետ համաձայնեցված, և այս երկար տարիների աշխատանքի շնորհիվ է, որ մենք թեկուզ և հարաբերական, բայց կարողանում ենք խաղաղ պայմաններն ապահովել»։

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկած «Խաղաղության պրոբլեմներ» միջազգային ամենամյա համաժողովի իր բացման խոսքում, դիմելով 16 պետությունների շուրջ վեց տասնյակ ներկայացուցիչներին, նախարարն ընդգծել է՝ յուրաքանչյուր տարածաշրջանի ապակայունությունն իր հետևանքն է թողնում և նոր մարտահրավերներ է առաջ քաշում ամբողջ աշխարհի համար։

«Այսպիսի իրավիճակում խաղաղության և կայունության սպառնալիքների բաժանումն ըստ տարածաշրջանների խիստ պայմանական է, ուստի տարածաշրջանային հիմնախնդիրները ստանում են միջազգային կայունություն»,- ընդգծել է նա։

Նախարարի խոսքով՝ կարևորելով այս մոտեցումը՝ Հայաստան արդեն 10 տարի է մասնակցում է և շարունակելու է թե աշխարհագրական, և թե որակական առումով ընդլայնել իր դերակատարումը միջազգային կայունության ուղղված ծրագրերում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս