
ՀՀ զինուժը ունակ է համարժեք պատասխանել սահմանում իրականացվող սադրանքներին. ՀԱՊԿ. «Արմենպրես»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ով բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրելու մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ` անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ն որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն ստեղծելու քայլերին:
«Նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարը ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է խնդրի էությունը: Հավաքական ուժերը գործի դնելու հետ կապված յուրաքանչյուր գործողության համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։ Եթե արձագանք չի եղել, ինչպես դուք եք ասում, հնարավոր է այն պատճառով է, որ դեռ այդքան էլ երկար ժամանակ չի անցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Սեմերիկովը։
Նա հավելել է, որ Հայաստանի զինված ուժերն ու անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվող սադրանքներին։
Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններն անուշադրության չեն մատնում այդ խնդիրը: