Վարչապետը մասնակցել է Չինաստանի Ազգային օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ներկա է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային օրվա 66-ամյակի առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Կառավարության ղեկավարը հանդես է եկել շնորհավորանքի խոսքով: Դիմելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, պարոն դեսպան, դեսպանության անձնակազմին և Ձեր միջոցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամ ժողովրդին և իշխանություններին այս հիշարժան օրվա առթիվ` հղելով անձնական երջանկության և նորանոր հաջողությունների լավագույն մաղթանքներս: Այս տոնի առիթով այսօր շնորհավորական ուղերձ եմ հղել գործընկերոջս՝ պարոն Լի Քեցյանին՝ բարեկամ Չինաստանին մաղթելով բարօրություն և հետագա առաջընթաց:

@ndunelutyun4 @ndunelutyun2 @ndunelutyun1

Այսօր մենք նշում ենք ժամանակակից Չինաստանի հիանալի վերելքը և հաջողությունները, այս համատեքստում նաև՝ հայ-չինական հարաբերությունների ձեռքբերումները: Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր մեր երկրների միջև հաստատվել և ամրապնդվել են բարեկամության ամուր կապեր: Հայաստանի և Չինաստանի միջև այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչը թույլ է տալիս քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարց:

Կարդացեք նաև

Հայ-չինական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ նշանակություն ունեցավ սույն թվականի մարտին ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հրավերով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան: Երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպումը մեծապես նպաստեց միջպետական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելուն:

Օրեր առաջ տեղի ունեցավ նաև իմ աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ հանդիպում ունեցա Չինաստանի պետական խորհրդի նախագահ, վարչապետ պարոն Լի Քեցյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձանք հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:

@ndunelutyun6 @ndunelutyun3

Պատեհ առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել չինական կողմին այն ջերմ ընդունելության և հյուրընկալության համար, որին արժանացանք ես և իմ գլխավորած պատվիրակությունը Պեկինում և Սիանում:

Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մենք ունենք նշանակալի աճ առևտրատնտեսական հարաբերություններում. Չինաստանն արդեն դարձել է Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերը: Համագործակցության նոր հեռանկարներ են բացվում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու վերաստեղծման ծրագրի շրջանակում: Դարեր շարունակ լինելով Եվրոպան և Ասիան կապող պատմական Մետաքսի ճանապարհի կարևոր տարանցիկ ուղի՝ Հայաստանն այսօր էլ պատրաստ է խթանել տարածաշրջանի և Չինաստանի միջև նախագծերը, կապել Չինաստանը Եվրոպայի հետ, ինչպես նաև նպաստել Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը:

Հայ-չինական համագործակցության օրակարգը հարուստ է նաև հումանիտար ոլորտներում ակտիվ փոխգործակցությամբ: Աշխույժ համագործակցություն է ծավալվում մշակութային և գիտակրթական ոլորտներում: Ամեն տարի տասնյակ ուսանողներ են սովորում հայկական և չինական համալսարաններում՝ ստանալով կառավարական կրթաթոշակներ: Առանձնահատուկ պետք է նշեմ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման նոր նախագիծը, որը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների հաջորդ սերունդների միջև բարեկամության ամրապնդմանը: Վերջին տարիներին հաջորդաբար Հայաստանում և Չինաստանում անց են կացվում փոխադարձ մշակույթի օրեր: Անկասկած, այսօրինակ շփումներն էականորեն նպաստում են մեր ժողովուրդների միջև փոխըմբռնմանը և փոխճանաչմանը:

Ավարտելով խոսքս՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Թող հայ և չին ժողովուրդները բարեկամության և խաղաղության մթնոլորտում արարեն և զարգանան՝ միասին իրականացնելով ապագայի իրենց ծրագրերը»:

Տեսանյութեր

Լրահոս