
«Մեր արդարադատության հերթական խայտառակությունը». Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ կրակոցների գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը բողոքարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Արտակ Բուդաղյանը մեղավոր էր ճանաչվել: 168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ վերաքննիչ դատարանից պահանջել է բեկանել դատավճիռը և արդարացնել Արտակ Բուդաղյանին: Անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռին՝ Հայկ Ալումյանն ասաց, որ այն «զրո հիմնավորվածություն» ուներ. «Այն գնահատում եմ որպես մեր արդարադատության հերթական խայտառակությունը»:
Նշենք, որ դատարանը վճռել էր Արտակ Բուդաղյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 120 հազար դրամ տուգանք: Կիրառելով «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի որոշումը՝ դատարանը վճռել էր նրան ազատել նշանակված պատիժը կրելուց: