Կրակոցների գործով նախաքննությունը շարունակվում է

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքն իրավապահների կողմից որակվեց` որպես սպանության փորձ. քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի, քննում է ԱԱԾ-ն:

Գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ գործով նախաքննությունն ընթանում է իրենց համար փակ ռեժիմում. «Մենք կարող ենք ասել միայն այն գործողությունների մասին, որոնք անմիջականորեն Արա Բուդաղյանի հետ պիտի կատարվեն: Նրա հետ գործողություններ չեն կատարվում»: Մեր հարցին, թե իր համար հասկանալի՞ է՝ ինչ ընթացքում է նախաքննությունը, այն շուտով կավարտվի՞, թե՞ դեռ գործողություններ կան կատարելու, փաստաբանը պատասխանեց.

«Ոչ, ինձ համար այս պահին ոչինչ հասկանալի չէ, թե նախաքննական մարմինն ինչ է անում: Գիտեմ, որ փորձաքննություններ կան նշանակված, գուցե սպասում են եզրակացություններին»: Հ. Ալումյանի խոսքով՝ իր կողմից պահանջներ են եղել վճռաբեկ և վերաքննիչ դատարաններ՝ Ա. Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և նրան ազատ արձակելու վերաբերյալ.

«Առայժմ ոչնչի չենք հասել»: Մեր դիտարկմանը, որ գործով մեղադրյալներից մեկի պաշտպանը նշել է, որ քննարկվում է քրեական գործի հետագա ընթացքը բոյկոտելու հարցը, Հ. Ալումյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ մենք գոհ ենք նախաքննությունից, դրա համար չենք բոյկոտում: Պարզապես դժգոհ լինելով նախաքննությունից՝ մենք չենք բոյկոտում, այլ փորձում ենք արդյունքի հասնել տարբեր գործողություններով՝ Արա Բուդաղյանը ցուցմունք է տվել և պատրաստ է տալ, բոլոր տվյալները, որոնք իրեն հայտնի են, ներկայացրել ենք և շարունակում ենք ներկայացնել այն, ինչ անհրաժեշտ է նախաքննական մարմնին, որպեսզի համոզվեն, որ Արա Բուդաղյանը կապ չունի»:

Կարդացեք նաև

Մեզ հետ զրույցում գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ խորհրդակցելուց հետ կորոշեն քրեական գործի ընթացքը բոյկոտելու հարցը: Փաստաբանը նշել էր, որ դատարանների և, մասնավորապես, տարբեր ատյանների տարբեր դատավորների վերաբերմունքն այս գործով պաշտպանական կողմի ներկայացրած բողոքների և առարկությունների վերաբերյալ, թույլ են տալիս հիմնավոր կարծիք կազմելու, որ այդ գործով պաշտպանական կողմի ձեռնարկած բոլոր գործողություններն ի սկզբանե դատապարտված են մերժվելու, իսկ դատարանների որոշումները կանխորոշված են:

Փաստաբանը տեղեկացրեց, որ տևական ժամանակ է՝ քննչական գործողություններ չեն կատարվել Գարեն Աթաջանյանի հետ, այսօր կմասնակցեն գործողության:
Նշենք, որ քրեական գործով Հենրիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու՝ ՀՀ Օ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար՝ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մաս:

Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` պատվերով ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու՝ ՀՀ ՔՕ 38 -34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Վիտալի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձին օժանդակելու՝ ՀՀ ՔՕ 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար՝ ՀՀ ՔՕ 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս