«Հայ իրականության մեջ շատ են գերագնահատում ՀԱՊԿ-ին». Թևան Պողոսյան

Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովին, որտեղ նաև ելույթ է ունեցել: 168.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը խոսելով նախագահի ելույթի հիմնական մեսիջների մասին՝ նշեց, որ ելույթում ներկայացվել է, թե քանի գործողությունների է Հայաստանը մինչ այսօր մասնակցել, նշվել է, որ Հայաստանն այլևս ոչ միայն անվտանգության սպառող է, այլև՝ անվտանգության մատակարար:

«Դրանով նաև Հայաստանը հայտ է ներկայացնում միջազգային հանրությանը, որ պատրաստ է շարունակել իր ներդրումը համաշխարհային անվտանգության ապահովմանը, և ընդհանուր Հայաստանի զինված ուժերի միտվածությունն այնպիսին է, որ մենք ունակ ենք մեր երկիրը պաշտպանել, մեր թշնամիներին համապատասխան դասը տալ, ու դրա հետ միասին՝ մեր ներդրումը բերել միջազգային անվտանգության գործողություններում»,- նշեց Թ. Պողոսյանը:

Մեր այն դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ նախագահի ելույթում կար մեսիջ՝ ուղղված ՀԱՊԿ-ին, պատգամավորն այսպես արձագանքեց. «Մեր հայ իրականության մեջ շատ են գերագնահատում ՀԱՊԿ-ին: Եկեք հասկանանք՝ ինչ կազմակերպություն է: Կոլեկտիվ բառի էլեմենտն այնտեղ ընդհանրապես գոյություն չունի: Շատ ժամանակ մենք անիմաստ շահարկում ենք և ՀԱՊԿ-ին մեծ կարևորություն ենք տալիս: Եթե նայում ես, նույն ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն ՀԱՊԿ-ի հետ չեն աշխատում, նույն ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ի հետ չի աշխատում ու չի ընկալում այդ կազմակերպությանը: Հասկանալի է, որ Հայաստանն այսօրվա դրությամբ ուղղակի մասնակցում է այնտեղ, քանի որ իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի համար դա կարևոր է: Այդ կազմակերպությունից ավելին սպասել անիմաստ է: Եթե նույն Ղազախստանի ու Բելառուսի նախագահներն ավելի շատ իրենց կյանքում մտահոգվում են Ադրբեջանի շահերով, քան Հայաստանի, դրանից հետո այդ կազմակերպության շահարկումն ինձ համար ընդհանրապես անհասկանալի է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:


Տեսանյութեր

Լրահոս