Ռուսական պլանի երկու ճակատները

Հայաստանում ու Հայաստանի շուրջ այսօր զուգահեռաբար ընթանում են երկու գործընթացներ, որոնք առաջին հայացքից` իրար հետ կապ չունեն, սակայն խորքում առկա են բազմաթիվ փոխկապվածություններ: Հայաստանի սահմանները և Լեռնային Ղարաբաղը հրետակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից, այդ հրետակոծությունները, իհարկե, արժանանում են համարժեք հակահարվածի: Սա գործընթացներից մեկն է, որը, դժբախտաբար, գոնե այս պահին ունի տևական դառնալու բավական մեծ հնարավորություն:

Սահմանային հրետակոծությունների քաղաքական աշխարհաքաղաքական շարժառիթները գրեթե ակնհայտ են, և դրա թելերը հասնում են Ռուսաստանի շահերին, որը, սրելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, կամ, ինչպես ռուս փորձագետներն են ասում՝«վերահսկելով լարվածությունը», մի քանի խնդիրներ է լուծում. հող նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում ռուսական ուղիղ կամ ՀԱՊԿ-ի անվան տակ ռազմական ներկայության համար, և հայկական կողմից զիջումներ կորզելով՝ Ադրբեջանին «վճարել» ԵՏՄ-ին անդամակցության դիմաց:

Հայաստանի ներսում ընթացող մյուս գործընթացը, որը, այսպես թե այնպես, առաջնային է դարձել ներքաղաքական օրակարգում, սահմանադրական փոփոխություններն են ու դրա դեմ ձևավորված պայքարը՝ «Ո՛չ»-ի ճակատը: Իշխանությունը ցանկանում է ամեն գնով անցկացնել սահմանադրական փոփոխությունները, «Ո՛չ»-ի ճակատի ուժերն էլ ցանկանում են (համենայնդեպս, այդպես հայտարարում են) ամեն գնով տապալել դա և տապալելով հասնել իշխանության՝ Սերժ Սարգսյանի հեռացմանը: Իշխանության մոտիվացիան ցույց է տալիս, որ այն պատրաստ է ամեն ինչի կամ գրեթե ամեն ինչի սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար:

Ընդդիմության, «Ո՛չ»-ի ճակատի շուրջ համախմբված ուժերի ներկայացուցիչների մոտիվացիան գրեթե նույնքան է՝ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար նրանք պատրաստ են ամեն ինչի: Բնականաբար, ինչպես իշխանությունը՝ հանրաքվեն անցկացնելու համար, այնպես էլ «Ո՛չ»-ի ճակատի շուրջ համախմբվածները՝ հանրաքվեն տապալելու նպատակով իրենց գործողություններն ավելի կամ պակաս չափով համաձայնեցնում են աշխարհաքաղաքական կենտրոնների հետ:

Իհարկե, հաշվի առնելով ինչպես՝ իշխանության, այնպես էլ՝ ընդդիմության կառուցվածքն ու բովանդակությունը, այդ կենտրոնները եթե ոչ՝ սկսվում, ապա՝ վերջանում են Մոսկվայով կամ Մոսկվայում: Համենայդեպս, «Ո՛չ»-ի ճակատում, բացառությամբ մեկ երկու կուսակցությունների, համախմբվել են անհատներ ու ուժեր, որոնք տեղավորվում են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անշրջելի համարելու տրամաբանության շրջանակներում:

Իսկ ի՞նչ կապ ունեն սահմանային միջադեպերը և սահմանադրական բարեփոխումներն ու դրա դեմ պայքարը: Առաջին հայացքից՝ ոչ մի կապ էլ չունեն: Սակայն, եթե այս գործընթացները դիտարկում ենք «ռուսական պլանի» շրջանակներում, կապը տեսանելի է դառնում: Եթե Ռուսաստանի նպատակն է՝ ղարաբաղյան հարցում զիջումներ պարտադրել Հայաստանին, ապա դրա համար կարող են օգտագործվել ինչպես՝ արտաքին, այնպես էլ՝ ներքին ճնշման ռեսուրսները:

Ավելի պարզ ասած՝ ադրբեջանական հրետակածություններին զուգահեռ՝ «Ո՛չ»-ի ճակատը կարող է օգտագործվել իշխանության վրա հավելյալ ճնշում գործադրելու և, այդպիսով,    զիջումների ստիպելու համար: Հարցն այն է՝ իշխանությունը կգնա ղարաբաղյան հարցում զիջումների՝ սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար: Միարժեք պատասխանել այս հարցին, իհարկե, դժվար է: Ոչ այնքան այն պատճառով, որ իշխանությունը վերարտադրվելու համար չի զոհաբերի ազատագրված տարածքները, այլ որովհետև զիջումները կարող են հավելյալ և ավելի ուժգին հանրային ընդվզման պատճառ դառնալ:

Ինչպես բազմիցս նշել ենք, հանրային ընդվզումը, բողոքի ակցիաներն իշխանության համար մանևրելու հնարավորություն են ստեղծում գոնե ղարաբաղյան հարցում զիջումներին դիմադրելու համար: Սակայն այդ մեխանիզմը չի գործում, եթե իշխանության դեմ պայքարողները պատրաստ են իշխանության գալու համար տեղավորվել նույն այն կենտրոնների սցենարում, որտեղից գալիս են իշխանության նկատմամբ ճնշումները:

Այդ իմաստով «Ո՛չ»-ի ճակատի և ռազմաճակատի միջև սահմանը բավական նուրբ է: Եվ այդ սահմանի ցանկացած «խախտում» կարող է ճակատագրական լինել պետության համար:

Տեսանյութեր

Լրահոս