ԵԽԽՎ-ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի ակտիվիստները հայտնել են երկրում վիճակի վատթարացման մասին
ԵԽԽՎ պատվիրակությունը իսպանացի պատգամավոր Յորդի Հուգլայի ղեկավարությամբ այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ինչպես Turan գործակալության հետ զրույցում հայտնել է հանդիպման մասնակից, իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն, ԵԽԽՎ ներկայացուցիչները հայտնել են, որ իրականացնելու են Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգ:
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստները տեղեկացրել են, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են մեծամասնական համակարգով, ինչը սահմանափակում է քաղաքական կուսակցությունների հնարավորությունները: Ակտիվիստները նշել են, որ մեծամասնական ընտրական համակարգի դեպքում պաշտոնյաներն ավելի շատ հնարավորություն ունեն ընտրական գործընթացին միջամտելու համար:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, անդրադարձ է կատարվել հասարակական կազմակերպությունների ընթացիկ վիճակին:
Ադրբեջանցի ակտիվիստները հայտնել են, որ Եվրոպական խորհրդարանի բանաձևից հետո երկրում մարդու իրավունքների վիճակը, ՀԿ-ների դրությունը երկրում ավելի է վատացել՝ վերջիններս սկսել են ենթարկվել ճնշման ու չհիմնավորված խուզարկությունների:
Ակտիվիստները խնդրել են ԵԽԽՎ պատվիրակության ներկայացուցիչներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը բարձրացնել ՀԿ-ների մասին օրենքը մեղմելու հարցի անհրաժեշտությունը:
Ադրբեջանում խորհրդարանական (Միլի մեջլիս) ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 1-ին:
ԵԽԽՎ առաքելությունը Միլի մեջլիսի ընտրություններին ընդառաջ պետք է գնահատական ներկայացնի երկրի ընտրական օրենսդրության ու ընտրական արշավի անցկացման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի դեմ Եվրոպական խորհրդարանի կայացրած բանաձևը կոչ է անում հասցեական պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։
Հակաադրբեջանական բանաձևի օգտին քվեարկել էր քվեարկությանը մասնակցած 365 եվրախորհրդարանականներից 202-ը։
Բանաձևի նախագծում մատնանշվում է Ադրբեջանում բռնաճնշումների աճը, մասնավորապես կալանավորված իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ:
Բանաձևի 21-րդ հոդվածում կոչ է արվում ԵՄ երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության վարչությանը հրաժարվել դիտորդներ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ: