«Այս արատավոր շրջանը պատռվում է, երբ մենք անցնում ենք խորհրդարանական համակարգին». Գագիկ Մինասյան

«Սահմանադրական բարեփոխումների ընթացակարգը եղել է չափազանց թափանցիկ»,- համոզված է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ ի սկզբանե սահմանադրական բարեփոխումների ընթացքը եղել է թափանցիկ, և ավելի քան մեկ տարի է՝ հանրությանը հայտնի են եղել այն սկզբունքները, որոնք կան այդ բարեփոխումների նախագծում:

Գ. Մինասյանի համար չափազանց կարևոր է դատական իշխանության ավելի անկախ կառուցվածքը, մարդու իրավունքների և ազատությունների հոդվածներում արվող առաջարկությունները, բայց որպես քաղաքական գործիչ՝ իր համար ամնեակարևորը կառավարության ձևավորման և իշխանությունների տարանջատման հետ կապված խնդիրներն են:

Նրա խոսքով՝ գործող Սահմանադրությունն ունի գերխնդիր, որը հնարավոր չէ լուծել, եթե անցում չի կատարվում կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի:

«Գործող Սահմանադրությունը ենթադրում է երկու առաջնային մանդատ ունեցող ինստիտուտներ՝ նախագահի և խորհրդարանի ինստիտուտները: Կա՛մ մենք պետք է ունենանք գերկենտրոնացված քաղաքական մոնոպոլիայի առկայություն երկրում, կա՛մ մենք պետք է ունենանք քաղաքական առճակատում, որն ուղղակի անթույլատրելի է մեզ նման՝ արտաքին քաղաքական բարդ իրավիճակում գտնվող երկրի համար: Մեզ համար կարող է լինել կործանարար, երբ նախագահը և խորհրդարանի կողմից ձևավորվող Կառավարությունն ունենան բոլորովին տարբեր տեսակետներ արտաքին քաղաքականության, պաշտպանության բնագավառում: Դրա այլընտրանքը ևս լավ տարբերակ չէ՝ իշխանության գերկենտրոնացվածությունն է, երբ նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը նույն քաղաքական ուժն են ներկայացնում»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Կարդացեք նաև

Նա նկատեց, որ շատ հաճախ հնչում է տեսակետ, որ մեր բոլոր խնդիրների հիմքերը թաղված են այս քաղաքական մենաշնորհի մեջ.

«Այս արատավոր շրջանը պատռվում է, երբ մենք անցնում ենք խորհրդարանական համակարգին, որովհետև այլևս չկան երկու առաջնային մանդատ ունեցող ինստիտուտներ երկրում, և չկա հնարավոր կոնֆլիկտ կամ հնարավոր գերկենտրոնացում մի քաղաքական ուժի մոտ: Սա, կարծում եմ, ամենաէականն է մեր սահմանադրական բարեփոխումների մեջ»:

 

Տեսանյութեր

Լրահոս