Ինչպես են իսլամիստները հայկական եկեղեցին վերածել բանտի. բացառիկ տեսանյութ Սիրիայից
arevelk.am-ի փոխանցմաբ՝ Սիրիայի Թալ Աբյադ քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման կողմից գրավելուց հետո իսլամիստները մեծ ավերներ են գործել քաղաքում. նրանք գլխատել են քաղաքի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին, տեղահան արել մյուսներին, ավերել բնակելի շենքեր եւ այլ կառույցներ: Իսլամիստների գործողություններից տուժել են նաեւ քաղաքում բնակվող հայերը, որոնց մի մասը լքել է իրենց բնակավայրերը: Իսլամական խմբավորման անդամները Թալ Աբյադ քաղաքի հայկական «Սուրբ Խաչ» եկեղեցին (1924թ.) վերածել են բանտի, որտեղ բանտարկել եւ հաշվեհարդար են տեսել քրիստոնյաների հետ:
Ամիսներ առաջ, քրդական ջոկատները, ԻՊ-ի դեմ թեժ մարտերի արդյունքում, վերագրավել են Թալ Աբյադը: Այսօր քաղաքում ապրում է 9-10 հայ ընտանիք: Այդ մասին «Արեւելքին» տեղեկացրեց Թալ Աբյադի հայերից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, բայց մեզ տրամադրեց տեսանյութ, որտեղ երեւում է քաղաքի «Սուրբ Խաչ» հայկական եկեղեցու այսօրվա իրավիճակը: Կայքի զրուցակիցը նշեց, որ քաղաքի բնակիչները, այդ թվում հայերը, բավական դժվար օրեր են անցկացրել, երբ «Իսլամական պետությունը» գրավել է քաղաքը: Նա տեղեկացրեց, որ նրանք հանել են խաչը եւ հրկիզել եկեղեցին: Ծայրահեղականները եկեղեցու ներքնահարկում գտնվող սենյակները դարձրել են բանտախցեր, որտեղ գլխատել են քրիստոնյաներին: Կայքի զրուցակիցը ավելացրեց նաեւ, որ նրանք նույնիսկ եկեղեցու բակում հայերի տնկած հնագույն ծառերն են արմատախիլ արել եւ նետել:
Ըստ կայքի զրուցակցի, քաղաքը վերագրաված քրդերը մեծ ծառայություններ են մատուցել հայերին, օժանդակել են, որ քաղաքում ապրող հայերը մաքրեն եկեղեցին ու տարածքը: Ներկայումս հայկական քչաթիվ համայնքում գումար են հավաքում ` հրկիզված եկեղեցին նորոգելու համար: Քաղաքում մնացած հայերը զբաղվում են արհեստագործությամբ:
Կայքի զրուցակիցը նաեւ հավելեց, որ ներկայումս Թալ Աբյադը գտնվում է կրկին իսլամիստների կողմից գրավվելու վտանգ տակ: Անցնող օրերին ռուսական կործանիչները ծանր հարվածներ են ուղղում Թալ Աբյադի հարեւանությամբ գտնվող Ռաքքա քաղաքում տեղակայված ԻՊ-ի զորանոցների դեմ: «Մինչեւ Ռաքքայից իսլամական զորքերը չվտարվեն, Թալ Աբյադը մնալու է վտանգի տակ»,-նշել է կայքի զրուցակիցը: