 
                        Մեքքայում ուխտավորների հրմշտոցի հետևանքով զոհերի թիվն անցել է 700-ից
 
                                    Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայի մերձակայքում հազարավոր ուխտավորների հրմշտոցի հետևանքով զոհվել է նվազագույնը 717 մարդ, հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղպաշտպանության վարչությունը Twitter-ի իր էջում:
Տուժել է 805 մարդ:
Մինա հովտում հավատացյալները կատարում էին հաջի վերջին ծեսը: Հաջին մասնակցել է ավելի քան 1 մլն մարդ:

Հաջի վերջին օրը ուխտավորներն ուղևորվում են Մինա, որտեղ քարեր են նետում սատանային մարմնավորող մեծ սյան ուղղությամբ:
Վերջին 9 տարում հաջը տեղի էր ունեցել առանց լուրջ միջադեպերի: Սաուդյան Արաբիան զգալի միջոցներ է ներդրել Մեքքայում ու Մեդինայում ենթակառուցվածքների ու անվտանգության համակարգերի բարելավման վրա:

Յուրաքանչյուր մուսուլման իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է հաջ իրականացնի: Հաջի ավարտը նշանավորում է Կուրբան-բայրամ տոնը, որն այս տարի նշվում է սեպտեմբերի 24-26-ը: Հաջն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 22-26-ը:

 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        