
Հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատները կհամարվեն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը կհամարվեն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ և կկարողանան օգտվել հարկման արտոնյալ համակարգից: Այդ նպատակով ՀՀ կառավարությունն առաջարկում փոփոխություն կատարել «Հարկերի մասին» օրենքում: Կառավարության վաղվա նիստում նախագիծը կներկայացնի ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նախագծում նշվում է, որ ներկայումս «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը չօգտագործող և զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ: Միաժամանակ, ըստ օրենքի, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել «Արտոնագրային վճարների մասին» օրենքներով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող անձինք:
Խնդիրն այն է, որ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությունը հիմնականում իրականացվում է ընտանիքի անդամների միջոցով, մինչդեռ նշյալ գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը հնարավորություն չունեն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ և օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված հարկային արտոնություններից:
Նախագծի հեղինակների կարծիքով՝ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է փոքր և միջին ձեռնարկատիրության համար բարենպաստ հարկային միջավայրի ստեղծմանը: