
Էրդողանը Մոսկվա է գնում Լեռնային Ղարաբաղի պատճառով. Stratfor

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվա է գնում, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ քննարկի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը: Այս մասին ասվում է Stratfor հետազոտական կենտրոնի հերթական վերլուծության մեջ:
Stratfor-ի վերլուծաբանները պնդում են, որ Անկարայի ու Մոսկվայի հարաբերություններում լարվածություն է առաջացել ոչ միայն Սիրիայի պատճառով: Վերջին ամիսներին Ռուսաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, որը Կովկասում Թուրքիայի դաշնակիցն է:
Որոշ տվյալների համաձայն՝ այդ բանակցություններում Մոսկվան ու Բաքուն ձգտում են վերջնականապես լուծել Լեռնային Ղարաբաղի սառեցված կոնֆլիկտը:
Ավելի վաղ որպես Բաքվի երաշխավոր կոնֆլիկտի կարգավորման հարցում հանդես էր գալիս Անկարան, սակայն Ռուսաստանը ցանկանում է միայնակ վերահսկել իրավիճակը տարածաշրջանում:
Նշվում է, որ Մոսկվան ձգտում է օգտագործել Սիրիայի ու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտները Թուրքիայի վրա, մասնավորապես «Թուրքական հոսքի» հարցում ճնշում գործադրելու համար, որի աշխատանքները վերջերս դադարեցվել են: