
Բիզնես հարաբերությունները մարդկանցով են պայմանավորված. Քլարկ Փրայս

Երևանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության հետ համատեղ այսօր կազմակերպել են մեկօրյա գործարար համաժողով, որը նվիրված է ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին: Համաժողովը ներկայացրեց ԱՄՆ ֆրենչայզինգային ընկերություններին, որոնք թեև նոր են մուտք գործում հայկական շուկա, սակայն տարածաշրջանի այլ վայրերում արդեն հաջող տնտեսավարման փորձ ունեն:
ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը բացման խոսքում ասաց, որ ԱՄՆ դեսպանության ներկայությունը Հայաստանում ներառում է նաև առևտրային կապեր երկու երկրների միջև. «Գիտեմ, որ հաջողության բազմաթիվ պատմություններ են այսօր այստեղ ծնվելու: Հայաստանում առևտրային աշխատանքի հնարավորությունը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների պոտենցիալի տեսակետից շատ մեծ է: Դեսպանությունը պետք է օգնի բիզնեսներին այդ հնարավորությունը օգտագործել: Սա իրականություն դարձնելու ուղղությամբ սերտորեն համագործակցում ենք Էկոնոմիկայի նախարարության հետ, և կարծում եմ, որ ֆրենչայզինգի այս միջոցառումը դրա կարևորագույն բաղադրիչն է: Հայաստանում հիանալի գործընկերություն ենք ձևավորել»:
Համաժողովին ներկա էին երկու ամերիկյան կորպորացիաների՝ Papa John’s Pizza-ի և Tutti-Frutti Frozen Yogurts-ի ներկայացուցիչները, ովքեր ժամանել էին Երևան՝ համաժողովի մասնակիցներին ներկայացնելու հնարավոր ֆրենչայզինգային ներդրումները Հայաստանում:
«Papa John’s Pizza-ն և Tutti-Frutti Frozen Yogurts-ի մասին երբ մտածում եմ, ընտանեկան լավ ընթրիք եմ պատկերացնում: Արդյունքը դա կլինի. բազմաթիվ հայեր ընտանիքի հետ կարող են վայեյել դրանք: Իսկ եթե լուրջ, դրանք շատ հարգված ամերիկյան ընկերություններ են, շատ հոջողակ և այն փաստը, որ իրենք այսօր այստեղ են, խոսում է այն մասին, որ Ամերիկայի ընկերությունները Հայաստանում ֆրանչայզինգին լրջորեն են վերաբերվում: Եվ ապագայում էլ այլ ձեռնարկություններ էլ հաստատ կհետևեն նրանց օրինակին,-ասաց Քլարկ Փրայսը և հավելեց,- Բիզնես հարաբերությունները մարդկանցով են պայմանավորված: Հեռվից հնարավոր չէ. պետք է հանդիպես, տեսնես, ծանոթանաս, զգաս նրանց բիզնեսը և հենց դրանով է այսօրվա միջոցառումն անփոխարինելի»: