Միհրան Ծառուկյան. «Միասին աշխատելով՝ ես ու Արփին ճանաչեցինք իրար, մտերմացանք, ու ամեն բան շատ հեշտ ստացվեց»
Վերջին օրերին բուռն քննարկվում է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի նոր համագործակցությունը, որի արդյունքում ծնվել է Արման Անտոնյանի «Անհնար է» երգի տեսահոլովակը։ Երգի գործիքավորումն արել է Հայկոն։ BlogNews.am-ի հետ զրույցում Միհրանն ու Արփին հայտնեցին, որ պրեմիերան կկայանա սեպտեմբերի 22-ին՝ Միհրանի տարեդարձի օրը, և նոր լուսանկարներ են հրապարակել նկարահանման վայրից։
«Երբ Մենչն առաջարկեց ներկայանալ զուգերգով, ես և Արփին երկար չենք մտածել առաջարկի մասին, տեղում քննարկել և համաձայնել ենք։ Բավականին ժամանակ միասին աշխատելով՝ մենք ճանաչեցինք իրար, մտերմացանք, ու ամեն բան ստացվեց շատ հեշտ, ճիշտ և արագ»,- ասաց Միհրանը, Արփին էլ հավելեց, որ իրար լավ ճանաչելն օգնել է, որ համագործակցությունը շատ թեթև ստացվի. «Բնականաբար, եղել են քննարկումներ, ի սկզբանե բոլորովին այլ սցենարով պետք է նկարահանեինք տեսահոլովակը, սակայն աշխատանքները շատ սահուն են ընթացել։ Մենք վստահում ենք իրար որպես մասնագետներ»։
Դերասանուհին, ով ժամանակին հանդիսատեսին հայտնի էր որպես երգչուհի, նշեց, որ կարոտել էր ձայնագրման աշխատանքները։ Խոսելով տևական դադարից հետո երգարվեստ վերադառնալու մասին՝ Արփին ասաց.
«Երբ դու հասկանում ես, որ տվյալ ժամանակահատվածում ոչինչ չունես տալու, պետք չէ անիմաստ ինչ-որ բան անել՝ երևալու համար։ Միշտ ասում էի, որ մի օր հաստատ կրկին երգելու եմ։ Իմ կյանքում ամեն բան կատարվում է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում»։
Տեսահովակը նկարահանվել է 4 օրում։ Աշխատանքներն արել է «Ֆուլ հաուսի» ստեղծագոծական թիմը. ռեժիսորը Կարեն Ամյանն է, սցենարային լուծումները տվել են Արտյուշ Գևորգյանն ու Վահան Մովսիսյանը։ Սյուժետային գծով ներկայացվում է Միհրանի և Արփիի կյանքը՝ մանկությունից մինչև ծերություն։ «Մեզ համար շատ հեշտ էր աշխատել Կարենի հետ։ Մեր փոքր հերոսներին փորձել ենք հնարավորինս նմանեցնել մեզ։ Ինձ մարմնավորած աղջնակին ընտրել ենք քասթինգով։ Միհրանին մարմնավորել է Արմուշի որդին՝ Դանին։ Մենք երկու տարիք ենք խաղացել. մի դեպքում դեռ ուսանողներ ենք, մյուսում՝ ավելի հասուն, արդեն ունենք մեր երեխան, ում դերը խաղում է Մենչի դուստրը՝ Մարիան։ Այս դեպքում փորձել էինք վիզուալ ավելի մեծ երևալ։ Իսկ տատիկ-պապիկի տարիքում մեր փոխարեն այլ դերասաններ են եղել։ Չցանկացանք գրիմային փոփոխություններով մեծանալ, քանի որ դա արհեստական կլիներ»,- նշեց դերասանուհին։
Վերջին շրջանում շատ է խոսվում Միհրանի և Արփիի սիրավեպի մասին, այս տեսահոլովակը լրացրեց այդ խոսակցությունները։ «Երբ գաղափարը կար՝ անել այս աշխատանքը, արդեն ենթադրում էինք, որ նման խոսակցություններ են լինելու, խոսում ու ծիծաղում էինք այդ թեմայով։ Չգիտեմ ինչու, իմ անձնականը միշտ քննարկում են, սակայն դա իմն է և ոչ ոքի գործը չէ։ Որոշել եմ այսուհետև անձնական բնույթի որևէ հարցի չպատասխանել»,- ասաց Միհրանը, Արփին էլ հավելեց.
«Մարդկանց միջից դեռ դուրս չի եկել դա. երբ գործընկերներն ինչ-որ աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում իրար հետ, անպայման կապում են իրար։ Դա պետք է դուրս գա մարդկանց միջից՝ անկախ նրանից՝ այդ մարդիկ միասի՞ն են, թե՞ ոչ։ Մեր քաղաքն այնքան փոքր է, որ երբ ինչ-որ մեկի կյանքում լուրջ փոփոխություն է լինում, բոլորն իմանում են այդ մասին»։