Չկարգավորված կոնֆլիկտներն անհանգստացնում են ԱՄՆ կառավարությանը. ՊՆ
ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խնդրով: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին երեկ Բաքվում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի գործերով ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Էվելինա Ն. Ֆարքասը:
Նրա խոսքով` ինքն ամեն օր զբաղվում է Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ կապված հարցերով:
«Ցավոք, այդ բոլոր կոնֆլիկտները ունեն ընդհանուր գիծ՝ ուժի կիրառություն ու ձեռնարկվող ջանքերի անարդյունավետություն: Այս ուղղությամբ անցկացվող քաղաքականությունը մեզանից պահանջում է մոտեցումների ու ռազմավարության իմաստավորում: Միացյալ Նահանգները վերահսկում է իրավիճակն ու որոնում է կոնֆլիկտների կարգավորման ուղիներ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի»,- ասել է նա:
Էվելինա Ֆարաքսը նշել է, որ Սիրիայում կոնֆլիկտն ու դրա հետ կապված փախստականների հոսքը ակնհայտորեն ցուցադրում է, որ հարկավոր են հավելյալ ջանքեր՝ ապահովելու մարդկանց համար լավագույն կյանք ու ապագա:
«Իմ հարազատները նույնպես եղել են փախստականներ, ովքեր ապաստան են գտել Միացյալ Նահանգներում: Այդ հարցը մշտապես գտնվում է մեր ուշադրության ներքո»,- ասել է նա:
Նա նաև անդրադարձել է մասնավորապես Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցին:
«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: Եթե նման պլան լինի, ապա այն թափանցիկ կերպով կքննարկվի Մինսկի խմբի բոլոր մասնակիցների կողմից»,- ասել է Ֆարքասը: