Հանրապետությունը «վխտում» է փրկիչներով. Ալեքսանդր Արզումանյան

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վերջին շրջանում պարզել է, որ հայ ժողովուրդը «լիքը փրկիչ» ունի ու հանրապետությունը «վխտում» է փրկիչներով: Սակայն, ինչպես այսօր ԱԺ արտահերթ նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց Ա.Արզումանյանը, բոլորը շատ պարզունակ բաղադրատոմս ունեն. «Մեկը ասում է՝ գրիր «այո»՝ կփրկվես, մյուսն ասում է՝ գրիր «ոչ» ու կփրկվես: Եթե այդքան պարզ էր, այս 25 տարի ինչո՞ւ չէինք կարողանում հասկանալ, որ այդպես է»:

Պատմական ակնարկ կատարելով՝ Ա.Արզումանյանը թվարկեց Խորհրդային միությունից ժառանգած արատները՝ ուժային պետություն, ուրիշների կարծիքի հետ հաշվի չնստել և այլն: Նա հիշեցրեց, որ 2012թ-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ միասնական դաշինքով «Ժառանգության» միասնական ցուցակն են կազմել, միասին մասնակցել են «Նոր Հայաստան» վերտառությամբ նախընտրական ծրագրի մշակմանն ու ընդունմանը: Ըստ նրա՝ այդ ծրագրում ասվում է՝ «մեր երկրին օդ ու ջրի նման անհրաժեշտ են արագ, համակարգային փոփոխություններ, ընդ որում՝ փոփոխություններ այսօր և ոչ թե վաղը, տեսանելի արդյունքներ գործով և ոչ թե խոսքերով»: Ա.Արզումանյանը նաև հիշեցրեց, որ ընտրողներին խոստացել են  իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ անցում կատարելով պետական կառավարման խորհրդարանական մոդելի:

«Հավատարիմ մնալով նախընտրական ծրագրին՝ բավականին դրական մոտեցում ունեմ անցնելու խորհրդարանական կառավարման համակարգի»,- հայտարարեց Ա.Արզումանյանը:

Դատապարտելով գունաբաժանումը՝ նա նկատեց, որ կարելի է վիճել կիսանախագահական և խորհրդարանական կառավարման համակարգի առումով, բայց մերժելի է այն մոտեցումը, որ եթե այս կամ մյուս համակարգը չլինի՝ քեզ մահ է սպասվում: Ա.Արզումանյանն ընդգծեց, որ իրեն չի հետաքրքրում իշխանության մոտիվացիան ու իշխանության ամենաբարձր ներկայացուցիչների՝ պաշտոններ զբաղեցնելու անձնական ցանկությունները, ինչպես եղել է 1995 և 2005թթ., երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ գնացին սահմանադրական փոփոխությունների. «Եվ հիմա թե կհաջողվի Սերժ Սարգսյանին վերարտադրվել 3 տարի հետո, դա ՀՀ քաղաքացիների խնդիրն է: Ես չեմ կարծում, որ այստեղ մեր ցանկություններով ու հայտարարություններով այդ հարցերը կարելի է կարգավորել»:

Ա.Արզումանյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց Վարդան Պողոսյանին, որ այս օրերի ընթացքում կարողացավ բազմաթիվ հարցերի հանդարտ պատասխանել և ցուցաբերեց պատրաստակամություն՝ շարունակելու քննարկումները:

«Մեր թոռները կկատարելագործեն Սահմանադրությունը, եթե մենք ինչ-որ բացթողումներ անենք»,- նկատեց Ա.Արզումանյանը:

Տեսանյութեր

Լրահոս