«Կեցցե´ք, բռավո´, դուք հաջողել եք բովանդակային քննարկման մեջ». Զարուհի Փոստանջյան
«ՀՀ Ազգային ժողովի դահլճում այս պահին գտնվում է 12 Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ և իրենք սա անվանում են բովանդակային քննարկում: Կեցցե´ք, բռավո´, դուք հաջողել եք բովանդակային քննարկման մեջ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը շուտով զբաղեցնելու է խմբակցության ղեկավարի պաշտոնը:
Նա հայտարարեց, որ իր ելույթն ուղղված է հանրության ներկայացուցիչներին և ոչ թե սահմանադրական փոփոխությունների քնարկումների շրջանակում է. «ՀՀ իշխանությունները ՀՀ-ն դարձրել են վասալային պետություն: Վասալը և իրեն սպասարկողները, հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը և հաճախորդի կարգավիճակի խոցելիությունը, ձեռնարկել են «սահմանադրական բարեփոխումներ» օպերացիան, որով նախատեսում են կրկին զինաթափել ժողովրդին, որպեսզի նորից տիրանան իշխանությանը: Սրանք են այն մերժելի, ոչ քաղաքական խաղի կանոնները, որով ղեկավարվում են Սերժ Սարգսայնն ու բոլոր անհատներն ու միավորումները, որոնք փորձում են ստեղծված իրավիճակում իրենց համար օգուտ որսալ»:
Զ.Փոստանջյանի կարծիքով՝ պետք է համահայկական օրակարգ մշակվի, անցումային արդարադատություն իրականացվի, որով առաջինը պետք է անցնեն Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, այնուհետև պետք է ժամանակավոր կառավարություն ստեղծվի, որը կպաշտոնավարի մոտ 6 ամիս և այդ ընթացքում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ. «Այն, ինչ տեղի է ունենում այս խորհրդարանի պատերի ներքո, Սերժ Սարգսյանի բեմադրությունն է, որը կարող ենք դիտել, բայց դրա մասնակիցը չենք: Մեր տեղը այսուհետև լինելու է ՀՀ-ի բոլոր քաղաքներն ու փողոցները: Համախմբման միջոցով մենք պարալիզացնելու ենք այս ապօրինի իշխանության գործունեությունը, Սերժ Սարգսյանի ծավալած գործունեությունը: Առաջին հերթին՝ մինչև հանրաքվեի օրը մենք պետք է ազատվենք Սերժ Սարգսյանից: Հանրաքվեի օրը մենք պետք է հիմնադրենք և ընտրենք նոր ժամանակավոր կառավարություն, որը պետք է լուծում տա այս իմ բարձրացրած հարցերին»: