«Խե՜ղճ ժողովուրդ»
Այսօր ԱԺ արտահերթ նիստում սահմանադրական քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի ելույթը մեկնարկեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի կեսլուրջ-կեսկատակ դիտարկումներով՝ խմբակցության ղեկավարի թափուր պաշտոնի վերաբերյալ:
«Ղեկավար դեռ ոնց որ չենք ընտրել, չէ՞, պարոն Պողոսյան,- հետաքրքրվեց Շարմազանովն ու ինքն էլ հավելեց,- Չէ, չեն ընտրել, դեռ քննարկումների փուլում են»:
Թ.Պողոսյանն ընդգծեց, որ ներկայացնում իր անձնական կարծիքը: Նա անդրադարձավ 2012 թ. կուսակցությունների ծրագրերին, որոնք, ըստ նրա, արժեք չեն ներկայացնում: Թ.Պողոսյանի խոսքով՝ ՀՀԿ-ն քվե չի ստացել սահմանադրական փոփոխությունների համար, իսկ որոշ գործընկերներ քվե են խնդրել ու ստացել համամասնական ընտրակարգի համար պայքարելու համար: Սակայն իմչպես նշեց պատգամավորը, քվեն ստանալուց հետո անում են ուղիղ հակառակը: Նա ընտրությունները համեմատեց լոտոյի հետ, որ ժողովուրդն ընտրում է ՝ չիմանալով՝ խոստումները կկատարվեն, թե ոչ:
«Այս ամբողջ աղմուկ-աղաղակի մեջ կորում է հիմնականը՝ միգուցե ամենակարևորը՝ մարդու հավատը նույն Սահմանադրության 2-րդ կետի հանդեպ, որտեղ ասվում է՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Խե~ղճ ժողովուրդ»,- ասաց Թ.Պողոսյանը:
Նա նշեց, որ չունի հարցի պատասխանը՝ սահմանադրական նախագծի ներկայացված փաստաթղթին ինքը կո՞ղմ է, թե՞ ոչ, միաժամանակ իր խոսքում ակնարկեց, որ այս նախագիծը վերարտադրման ճանապարհի փնտրտուք է: Թ.Պողոսյանը կոչ արեց այսօրվանից ԱԺ փոխխոսնակի աթոռը տալ ընդդիմությանը, աջակցել ընդդիմադիրների բոլոր առաջարկներին և այլն: