«Հասկանում եմ պաթոսդ՝ ջահել ես, ուզում ես ճամփա անցնել, հավակնություններ ու հաշիվներ ունես, բայց չափիդ մեջ մնա ու քո արշինով ուրիշներին մի չափի». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի ելույթը ԱԺ արտահերթ նիստում

«Ի սկզբանե ուզում եմ շնորհակալություն հայտնել սահմանադրական փոփոխությունների նախագծի այս շահագրգիռ, երբեմն զայրալից, բայց հանգամանալից քննարկման համար, սա ապացույց է, որ երկրի գլխավոր օրենքի վերաբերյալ ոչ ոք այս դահլիճում անտարբեր չէ, ուրեմն նոր փոփոխությունների հետ հույսեր է կապում: Դա շատ կարևոր է: Օգոստոսի 26-ից փոփոխված Սահմանադրության նախագիծը խորհրդարանում է, տարեսկզբից երկրի նախագահը ասաց, որ Սահմանադրություն փոխելու անհրաժեշտություն կա, ի՞նչ հարցեր են այս ընթացքում հնչում առավել հաճախ․

1․Ի՞նչ կարիք կա փոխել:

Ոչ թե կարիք, այլ անհրաժեշտություն կա: Աշխարհում ստատիկ ոչինչ չկա: Մեր պետությունը զարգանում է, իսկ զարգացումը պահանջում է ոչ միայն կիսաքայլեր ու կոսմետիկ փոփոխություններ, այլև՝ շրջադարձեր:

Կարդացեք նաև

Մենք արդեն այնքան ամուր ենք իբրև պետականություն, որ մեզ կարող ենք թույլ տալ կառավարման մոդելի կատարելագործում:

Սա գլխավորն է:

Մենք կիսատաք կամ կիսասառը պատերազմական վիճակում ենք ու պարտավոր ենք հնարավոր առավելագույնն անել, ինչը եւ արվում է՝ ԱՆՑՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ։

2․ Ի՞նչ է տալու այս փոփոխությունը։

Առաջին հերթին իշխանության ապակենտրոնացում:

Դժգոհում եք, չէ՞, որ մեկ կուսակցություն է կառավարում արդեն երկար տարիներ: Կարծում և ասում եք, որ դուք ավելի լավ կկառավարեք, ավելի արժանապատիվ, ավելի արդյունավետ;

Սիրելի իմ ընդդիմադիրներ, հիմա մենք ենք առաջարկում համակարգային փոփոխությունների սահմանադրական ճանապարհը:

Մենք ենք առաջարկում ընդդիմության դերակատարության մեծացման հնարավորությունները:

Ըստ էության առաջարկում ենք իշխանության փոփոխության սահմանադրական, քաղաքակիրթ ճանապարհ:

Եթե չեք նկատել, մանրամասնեմ՝

ա․ ընդդիմությունը ստանում է պաշտոններ, ստանում է որոշումներ ընդունելու պատասխանատվություն, ստանում է քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հնարավորություն։

Այսինքն՝ եթե որևէ հարցի քննությունը անցկացնելու համար ընդդիմությունը ուզում է քննիչ հանձնաժողով ստեղծել, կարող է անել առանց պրոբլեմի, ինքներդ էլ հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ ընտրեք ու գործեք:

Դա վերաբերում է ցանկացած հարցի, կրկնում եմ՝ ՑԱՆԿԱՑԱԾ։

Խորհրդարանում 3/5-րդով պիտի ընդունվեն բոլոր որոշումները, բոլոր կարևոր և առանցքային պաշտոններում առանց ընդդիմության ձայների, խորհրդարանական կայուն մեծամասնությունը չի կարող որևէ մեկին ընտրել։

Կայուն մեծամասնությունը, որին փոխանակ ձգտեք, հակառակվում եք, առանց ընդդիմության ձայների ՉԻ ԿԱՐՈՂ անցկացնել ՈՉ ՄԻ հարց։

Իսկ ինչո՞ւ եք ի սկզբանե պարտվողի հոգեբանությամբ ապրում, ինչո՞ւ չեք մտածում, որ կարող եք դուք լինել այդ կայուն խորհրդարանական մեծամասնության մասերից մեկը:

Հաջորդը՝

Խոսվում է ընտրություններն ազատ և արդար անցկացնելու անհրաժեշտության մասին, այո, կողմ եմ ամբողջությամբ: Այո, կան խնդիրներ ընտրական համակարգում ու օրենսգրքում, այդ խնդիրների լուծումը սահմանադրական ճանապարհով հաջորդ քայլն է լինելու: Միթե՞ չեք նկատել, որ առաջին անգամ ԿԸՀ կարգավիճակն արձանագրվում է Սահմանադրությամբ։ Պարզից էլ պարզ է, որ առանց ընդդիմության հնարավոր չի լինելու ընտրել ԿԸՀ անդամներ եւ նախագահ։

Նախագահի ինստիտուտի մասին

«Անգլիական թագուհի»-ն շատ շահարկվեց:

Իհարկե, թագուհի լինելն էլ շնորհք է, բայց պիտի հիասթափեցնեմ, մեր երկրի նախագահը չի լինելու ոչ թագուհի, ոչ արբիտր, ինչը ևս այս դահլիճում շահարկվեց։

Երկրի նախագահը հետևելու է Սահմանադրության պահապանմանը և ցանկացած իրավական հարցի, օրենքի կամ որոշման վրա ունենալու է վետոյի իրավունք։

Լինելու է մեկը, ում խոսքը լինելու է ծանրակշիռ և հարգալից:

Շահարկվում է հարցը՝ Սերժ Սարգսյանը տեսականորեն չի՞ կարող մնալ իշխանություն։

Երեք օր առաջ իմ ելույթում ասել եմ՝ ինչ եմ մտածում այդ մասին, սա ևս շահարկվեց:

Ոմանք փոթորկահույզ խառնաշփոթի մեջ հայտնվեցին: Հայտնի չէ՝ ինչու: Որոշ չակերտավոր փորձառուների էլ թվաց պատգամավորի աթոռը իրենց հոր տնից են բերել, բայց տեսել ենք, չէ՞, բոլորիդ պոպուլիզմը, ծիծաղելի և հիպերբոլիկ դիֆերամբները ձեր կուսակցակապետերին, հիմա ինչո՞ւ իրար անցաք, երբ գործող նախագահի հասցեին ճիշտ խոսքերը հնչեցին բարձրաձայն, ոմանք էլ իրենցիններին տարել են իրենց տուն, դե սիրեք ու փայփայեք, մերը՝ երկիրինն է և մերը երկիրն է։

Անուններ որոշել էի չհնչեցնել, բայց Նիկոլ Փաշինյանին հարկադրված պիտի ասեմ՝ սիրո՞ւմ ես պոկեր, գնա, խաղա: Բայց քաղաքականություն մի խաղա: Չի ստացվում, բոլոր թելերը երևում են: Սիրո՞ւմ ես պատմություն, Նապոլեոնին ու Չերչիլին ես սիրում: Սիրի: Բայց գոնե սիրածդ պատմությունները մինչև վերջ կարդա: Բորոդինոյի ճակատամարտը, որ պրոյեկտում ես հայոց քաղաքական դաշտ, մեկ օր է տևել ու ավարտվել է ոչ ռուսների, ոչ ֆրանսիացիների հաղթանակով:

Ռազմական իմաստով չի էլ ավարտվել՝ հետ են քաշվել, հաջորդ օրը վերսկսելու համար, բայց չեն սկսել: Հետո արդեն Նապոլեոն Բոնապարտը պարտվեց Վաթերլոոն, ո՞վ էր խանգարում հաղթել: Ռազմի դաշտում ոչ ոք:

Պատմության ընթացքին էր դեմ գնում: Իսկ Ուինսթոն Չերչիլը, ում այդքան սիրով մեջբերում ես, ծովային նախարարն էր ու հրաժարական տվեց, երբ Անգլիան տանուլ տվեց Դարդանելի նեղուցների ճակատամարտը: Վերջին հրաժարականն էլ տվեց վարչապետի պաշտոնից, երբ Անգլիան հաղթական ավարտել էր երկրորդ համաշխարհային պատերազմը, բայց Չերչիլը տանուլ տվեց ընտրությունները:

Եթե այդքան սիրում ես պատմական օրինակներով քո ճիշտ լինելը հիմնավորել, պարտված գործիչների մի ընտրի: Կարող է վարակիչ լինել: Ու հիշի՝ դավադրությունների մասնագետը Մարգարիտ Եսայանը չէ, հասկանում եմ պաթոսդ՝ ջահել ես, ուզում ես ճամփա անցնել, հավակնություններ ու հաշիվնես ունես, բայց չափիդ մեջ մնա ու քո արշինով ուրիշներին մի չափի: Քաղաքականությունը անձնական հարցեր լուծելու տեղ չէ, իսկ եթե դառնում է, շատ կարճ ժամանակի մեջ ամեն մեկին վերադարձնում է իր իրական արժեքը, ոմանց՝ գինը:

Դառնամ մյուսներին: Ասում եք՝ վերարտադրվելու համար են իշխանությունը փոփոխություններ կատարում Սահմանադրության մեջ։

Փաստորեն՝ ոմանք դպրոցում կենսաբանություն և մարդու անտոմիա վատ են սերտել ու մոռացել են, թե մարդուն ինչ գործիքներ են պետք վերարտադրվելու համար:

Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի տոնով հարցնեմ՝ հիշեցի՞ք. ինքը կավելացներ նաև՝ «ԱՊԵ»…..

Եթե մեր նպատակը վերարտադրվելը լիներ, ի՞նչն էր խանգարում գնալ Միջինասիական երկրների և եվրոպական տարածքում գտնվող Բելառուսի ճանապարհով՝ ընդամենը մեկ տող փոխելով գործող Սահմանադրության մեջ, վերարտադրվել ու վերարտադրվել որքան սիրտներս կուզեր:

Նկատի ունեցեք՝ փոխեինք ոչ թե Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ, սկզբունքային և համակարգային փոփոխություններ կատարել, այլ ընդամենը մեկ տող, որ երկրի նախագահը չի կարող ընտրվել այդ պաշտոնում անընդմեջ երկու անգամից ավելի։ Հանում ենք տողը և վերջ, ի՞նչ խնդիր, ու էդ երկրների նախագահների պես կասեինք՝ դե, ժողովուրդը այդպես ուզեց։

Փառք Աստծո, Հայաստանը այդ երկիրը չէ, մենք իրականում եվրոպական արժեհամակարգ կրող պետություն ենք, եւ էդ ճանապարհով էլ գնում ենք։

Վերջում հարկ եմ համարում հիշեցնել կարևոր մի սկզբունք, որը ոմանք հաճախ մոռանում են եւ գործում են որպես ԱՌՈՂՋ քաղաքականության թշնամիներ:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է:

Այստեղ, երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից անպատասխանատու հայտարարություններ անելը ոչ մեկիդ պատիվ չի բերում։

Ձեզ ու ձեզ ինչ-ինչ պաշտոններ էիք տալիս ու առնում երկրի նախագահին, դարակազմիկ քաղաքաքրեական բացահայտումներ արածի պես հերոս-հերոս հեռանում էիք ամբիոնից:

Նկարվում եք հատուկ Հ1-ի համար, իբր ցնցող ելույթ ունեցաք, իբր կրքերը թեժացնում եք, չի ստացվում, սիրելիներ, չի ստացվում, սա ոչ կինո է, ոչ թատրոն, սա կյանքն է՝ իրական ու միակ:

Մի աղավաղեք ոչ ձեր, ոչ ուրիշների կյանքը:

Աբիժնիկությունը լավ բան չի, վնաս է առողջության համար, ասում եմ բարեկամաբար:

Առավելևս որ ձեր կանխատեսումները այսօր արվում են և այսօր վերջանում: Պատկերացնում եմ այստեղ նստած շատերիդ դեմքերը, երբ Սերժ Սարգսյանը հանրաքվեից հետո ԱԺ նախագահ չդառնա, ի՞նչ եք ասելու:

Ամեն ինչ խոսքով չէ, կա ռեալ պոլիտիկը, ու այդ ռեալի մեջ, ցավում եմ, բայց ճիշտ չեք։

«ՈՉ» կամ «ԱՅՈ» ասելը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է և պատասխանատվությունը, մի փորձեք բռնանալ այդ իրավունքի վրա, իմ ընդդիմադիր գործընկերներ, հասարակությանը, չկողմնորոշվածներին, սխալ ճանապարհ ցույց մի տվեք, Հայաստանն այդքան ժամանակ չունի անընդհատ սխալներ ուղղելու, մեզ առաջ գնալ է պետք:

Մենք՝ պատգամավորներս, պետական-քաղաքական գործիչներս, այո, կոչված ենք ուղղորդելու հասարակությանը եւ ուղղորդելու ոչ թե ոչասիրությամբ եւ ընդդեմով, այլ՝ հանունի ճանապարհով: Ոչ մեկդ իրավունք չունեք իմ երկիրը գրանտային թատերաբեմ դարձնել, չի էլ հաջողվելու:

Այբուբենում առաջին տառը՝ Այբ-ն է և Այո-ն ավելի հզոր է լինելու, որովհետև ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՈՒ ՎԵՐՋ»:

Տեսանյութեր

Լրահոս