Սահմանադրական փոփոխությունները սկզբի վերջն են. Նիկոլ Փաշինյան

«Թղթախաղի կամ պոկերի նկատմամբ Սերժ Սարգսյանի անդիմադրելի հակումը, որի մասին մամուլն ու քաղաքական դաշտը երկար ժամանակ ահազանգում են, քաղաքական կոնկրետ դրսևորում է ստանում սահմանադրական փոփոխությունների քննարկվող նախագծի շրջանակներում:

Ի՞նչ կապ ունի էստեղ թղթախաղը. կապը հետևյալն է՝ վերջին 1.5 տարում երկու անգամ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է, թե չի ցանկանում, որ ՀՀ-ն անցում կատարի դեպի կառավարման խորհրդարանական մոդելի, և այսօր, ի հեճուկս իր իսկ հայտարարությունների, խորհրդարանին է ներկայացրել մի նախագիծ, որի առանցքային դրույթն անցումն է խորհրդարանական մոդելի»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանը ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչպես տեղի ունեցավ իր ցանկությունների էվոլյուցիան կամ ռևոլյուցիան:

Ն.Փաշինյանի բնորոշմամբ՝ դա պոկերի լեզվով կոչվում է բլեֆ, երբ քո հայտարարությունները չեն համապատասխանում իրերի իրական դրությանը.

«Եվ այսպես արվում է, որպեսզի ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլև, իմ կարծիքով, տվյալ իրավիճակում՝ նաև քաղաքական կողմնակիցները, էդպես էլ փաստացի պատկերացում չունենան քո իրական նպատակների ու ցանկությունների մասին»:

Պատգամավորը նշեց, որ նույն տրամաբանությամբ՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ, եթե անցում կատարվի կառավարման խորհրդարանական մոդելին՝ իր ցանկությանը հակառակ, ինքը չի հավակնի նաև ՀՀ վարչապետի՝ երկրի ղեկավարի պաշտոնին: Թե ինչ ճակատագրի է արժանանալու այս հայտարարությունը, Փաշինյանի խոսքով, երևաց 2 օր առաջ, երբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «էդ ինչո՞ւ պետք է գյոզալ իշխանությունը թողնի, գնա իր տանը նստի Սերժ Սարգսյանը, էդ ումո՞վ եք ուզում փոխարինել մեր սիրուն, սիմպատիչնի, բոյով Սերժ Սարգսյանին»:

Փաշինյանի կարծիքով՝ չնայած ֆորմալ առումով այս հայտարարությունն արվում էր իբրև ընդդիմությանը հակադարձելու համար, բայց իր համոզմամբ, այս հայտարարությունը շատ կոնկրետ հասցեատերեր ունի ՀՀԿ և հենց իշխանության ներսում. «Օրինակ՝ վարչապետ Հովիկ Աբրահամանի շրջապատն արդեն նկատելի է, որ դիրքավորվում է, 2017-18 թթ.-ից հետո հենց Հովիկ Աբրահամյանն է լինելու երկրի վարչապետն ու ղեկավարը:

Բայց Մարգարիտ Եսայանի ասածի ֆոնին, եթե տուրք տա այս հայտարարություններին, ուրեմն հայտարարում է, որ ինքն ավելի սիրուն, սիմպատիչնի ու բոյով է, քան Սերժ Սարգսյանը, իհարկե, քաղաքական իմաստով»: Փաշինյանը նշեց, որ սա չափազանց վտանգավոր իրավիճակ է գործող վարչապետի համար՝ հաշվի առնելով Սեյրան Օհանյանի անվան շուրջ ծագած սկանդալը, «երբ նա մի պահ սկսեց հավատալ, թե ինքն է լինելու իշխանության գլուխը 2018թ.-ից հետո»:

Ն.Փաշինյանի խոսքով՝ փոփոխությունների երկրորդ իմաստն ընդդիմադիր դաշտը ջախջախելն է, որպեսզի 2017-18 թթ.-ին չլինի որևէ իրական ընդդիմադիր ուժ, որ կարողանա հակազդել ու կանխել վերարտադրման գործընթացը: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն ընդդիմադիրների մի մասի հարցերը լուծում է «Տիզբոն տանելու միջոցով», մյուս մասին «Ո՛չ»-ի ճակատամարտում՝ իր լարած ծուղակում:

Ն.Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարծում է, որ չի կարելի մտնել և ընդդիմադիր համախոհներին տանել Ս.Սարգսյանի նախապատրաստած ծուղակը, «երբ հանդիպման վայրը նշանակվել է Սարգսյանի կողմից»: Նա նշեց, որ վերարտադրության հարցը չի լուծվելու Սահմանադրությամբ, այլ ռեալ ուժի բացակայությամբ, որ կարող է հակազդել Սարգսյանին:

Փաշինյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու սահմանադրական փոփոխությունների այս նախագծին և միևնույն ժամանակ ողջունում է ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի ներկայացրած նախագծին: Փաշինյանն իր ելույթն ավարտեց Ուինսթոն Չերչիլի արտահայտությամբ՝ մի փոքր փոփոխված՝ սահմանադրական փոփոխությունները վերջը չեն, դրանք նույնիսկ վերջի սկիզբը չեն, բայց, մեծ հավանականությամբ, դրանք սկզբի վերջն են:

Տեսանյութեր

Լրահոս