ՀՀ ոստիկանությունը և ԱԳՆ-ն տեղեկություններ չունեն Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել:
Վերջինս հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից ճնշումների է ենթարկվել իր գլխավորած նախաձեռնության գործունեության պատճառով:
Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը հայտնի է նրանով, որ կոչ էր անում չվճարել «ՀայՌուսգազարդ» ընկերությանը սպառած գազի դիմաց, քանի որ, ըստ նրա, Հայաստանի բնակչությանը մատակարվող գազը վատորակ էր: Նա նաև վերջերս հայտարարել էր, թե ինքն ու իր կինը ծեծի են ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) աշխատակիցների կողմից, ինչի հետևանքով իր հղի կինը կորցրել է երեխային:
168.am-ը փորձեց ՀՀ ոստիկանության և Արտաքին գործերի նախարարության լրատավական ծառայություններից ճշտել՝ արդյոք ունե՞ն որոշակի տեղեկություններ Վ. Մարտիրոսյանի և ադրբեջանական մամուլի նման հրապարակումների մասին, սակայն այդ երկու կառույցներում էր որևէ տեղեկություն չկար: Մեզ հետ զրույցում ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ճշտում են տեղեկությունները, առաջիկայում կներկայացնենք նաև նրանց մեկնաբանությունը:
Նշենք, որ ֆեյսբուք սոցիլական կայքում Վ. Մարտիրոսյանի վերջին գրառումը եղել է օգոստոսի 23-ին. «ՀՐԱՏԱՊ. Ընդունում ենք Վահան Մարտիրոսյանից տուժածների հայտեր: Հայտերը կարող եք ուղարկել ֆեյքերից, տիկին Մութաֆյաններից և, իհարկե, Թոխմախամհերացված Էրեբունու բնակիչներից: ՇՏԱՊԵՔ, տեղերը սահմանափակ են: Լավագույնները կպարգևատրվեն ՀՀ քննչական կոմիտեի և անձամբ Նորին Մեծություն Մհեր Սեդրակյանի կողմից թանկարժեք նվերներով»: