Արտոնություն՝ տեղական արտադրության և արտահանման խթանման համար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունն ընդունել է «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» որոշում: Որոշմամբ սահմանվել է, որ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից, եթե դրանք չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով) կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին: Վերոնշյալ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնցով նախատեսվում է թույլատրել ՀՀ մարզերում և Երևան քաղաքում նշված օբյեկտների շինարարական աշխատանքները կազմակերպել բանակցային` առանց մրցույթի հայտարարության ընթացակարգով: Ներկայումս որոշ մարզերում և Երևան քաղաքում ՀՀ 2015 թ. պետբյուջեով և ՀՀ կառավարության տարբեր որոշումներով հատկացված միջոցներով պետք է իրականացվեն բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որոնց գործընթացները դեռևս չեն սկսվել: Արդեն ավարտվել են կրթական, մշակութային, բնակելի շենքերի և բարեկարգման հրատապ լուծում պահանջող մի քանի ծրագրերի նախագծանախահաշվային աշխատանքները: Ներկայումս անհրաժեշտ է սկսել և մինչև տարեվերջ ավարտել վերը նշված աշխատանքները: