«Ո՛չ»-ի ճակատում կան նախապայմաններ և սահմանափակումներ
«Ես միշտ պնդել եմ՝ որպեսզի կարողանանք ձևավորել «Ո՛չ»-ի ճակատը, պետք է շատ հստակ օրակարգ ձևավորենք, այսինքն՝ բոլորս միավորվենք առայժմ սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասելու համար, և միայն այդ ֆորմատով ձևավորվելուց հետո՝ կարելի էր այլ կարգի խնդիրներ բարձրացնել»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորված «Ո՛չ»-ի ճակատի և նրանց հայտարարության մասին, նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Գ. Իսագուլյանը, ում գլխավորած կուսակցությունը չի միացել «Ո՛չ»-ի ճակատին, անչափ կարևոր է համարում այն հանգամանքը, որ այդ ճակատի ձևավորման ժամանակ որևէ նախապայման պետք է չլիներ, սակայն, ըստ նրա՝ այդ նախապայմաններն ու սահմանափակումները դրվել են. «Այսինքն՝ անձնական հարաբերություններ, նախկինում ունեցած միմյանց նկատմամբ վերաբերմունք և այլն, չպետք է որևէ անդրադարձ ունենար «Ո՛չ»-ի ճակատի ձևավորման գործում, ու բոլորն այդ առումով պետք է լինեն հավասար կարգավիճակում: Սակայն պետք է նշեմ, որ սկզբնական փուլը ցույց է տալիս, որ նման ձևով չի ձևավորվում այդ ճակատը: Նրանց համար կան նախապատվելի և ոչ նախապատվելի քաղաքական ուժեր ու քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ»:
Մեր այն հարցին, թե ի՞նչ սահմանափակման կամ նախապայմանի մասին է խոսքը, կարծես թե, նրանք կոչ էին արել բոլորին միանալ, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Առաջին մի քանի կուսակցությունները հավաքվում են, հասարակության համար նախապայման չեն դնում, բայց հետո այդ նախապայմաններն աշխատում են: Տարօրինակ է, որ շատ կազմակերպություններ հայտարարել էին, որ իրենք պատրաստ են այդ կարգի ցանկացած քննարկումների մասնակից լինել, բայց եթե դա տեղի չի ունենում, ուրեմն՝ կան այդ վերապահումները»:
Հարցին՝ կոնկրետ Ձեր կուսակցությանը տեղյակ չե՞ն պահել «Ո՛չ»-ի ճակատի ձևավորման և համատեղ հայտարարության մասին, Գ. Իսագուլյանը պատասխանեց՝ ոչ, հրավեր է եղել, ոչ էլ տեղյակ են պահել, այն դեպքում, երբ ինքը նախօրոք հայտարարել էր, որ պատրաստ է նման կարգի ցանկացած քննարկման և հանդիպման: Բացի այդ՝ Գ. Իսագուլյանը զրուցել է նաև ԱԻՄ առաջնորդ Պ. Հայրիկյանի հետ (որը նույնպես միացել է «Ո՛չ»-ի ճակատի համատեղ հայտարարությանը) և ներկայացրել է իրենց մոտեցումները: «Դա նշանակում է, որ ի սկզբանե այդ շարժումը կամ գաղափարը մենք տանում ենք տրոհման, ու վերջնարդյունքում պարզ չէ՝ մենք ինչ ենք ունենալու»,- վստահ է Գ. Իսագուլյանը:
Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչի՞ շուրջ են իրենք համախմբվել, եթե կան ուժեր, այդ թվում՝ նաև իրենք, որոնց տեղյակ չեն պահել դրա մասին, Գ.Իսագուլյանը պատասխանեց, թե չի կարող ասել. «Ցավոք սրտի, եթե նայում ենք տրամաբանությանը և ընթացքին, ստացվում է՝ կոնկրետ անձի դեմ են պայքարում: Այսինքն՝ հիմա պայքարը համակարգային փոփոխությունների հետ կապված՝ տեղափոխում են պայքար կոնկրետ անձի դեմ»:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքը զրուցել է Գ. Իսագուլյանի հետ և տեղյակ է եղել նրա մոտեցմանը, սակայն նա պարզաբանեց, որ «Հանրային փրկության ճակատը», որում ընդգրկված է նաև ԱԻՄ-ը, և որն արդեն մեկ ամիս է՝ կա, ինքնակամ է գնացել և ստորագրել սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասող հայտարարության տակ, իրենց նույնպես չեն հրավիրել, իսկ Հանրային փրկության ճակատին կարող են միանալ բոլոր այն ուժերը, որոնք դեմ են սահմանադրական բարեփոխումներին: