Էրմիտաժն ընդգրկվել է աշխարհի լավագույն թանգարանների տասնյակում. TripAdvisor
Պետական Էրմիտաժը, համաձայն զբոսաշրջիկների TripAdvisor միջազգային խոշորագույն պորտալի գնահատման, ընդգրկվել է աշխարհի լավագույն թանգարանների տասնյակում: Այս մասին ասվում է պորտալի կայքում:
«TripAdvisor-ն այսօր հրապարակել է Travelers’ Choice («Զբոսաշրջիկների ընտրությունը») մրցանակակիրների անունները: Վարկանշային աղյուսակում ներառվել էր 591 թանգարան: Նրանցից ընտրվել էին 25 լավագույնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աշխարհի լավագույն թանգարանների վարկանշային աղյուսակը գլխավորում է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը, այնուհետև հաջորդում են Փարիզի «Օրսե» թանգարանն ու Չիկագոյի արվեստի ինստիտուտը:
Վարկանշային աղյուսակում Էրմիտաժն զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ հաջորդելով Մադրիդի Պրադոյին ու Փարիզի Լուվրին:
Travelers’ Choice մրցանակները շնորհվում են աշխարհի լավագույն զբոսաշրջային օբյեկտներին կայքի միլիոնավոր այցելուների քվեարկության շնորհիվ:
Էրմիտաժը լավագույնն է համարվել ռուսական թանգարանների թվում:
«Պետական Էրմիտաժն ու Ձմեռային պալատը դարձյալ գլխավորում են Ռուսաստանի լավագույն թանգարանների վարկանշային աղյուսակը՝ հաստատելով Սանկտ Պետերբուրգի կարգավիճակը՝ որպես մշակութային մայրաքաղաք»,- գրում է TripAdvisor-ը:
Երկրորդ տեղում հայտնվել է Մոսկվայի Տրետյակովյան թանգարանը, եռյակում է ընդգրկվել նաև Ռուսական պետական թանգարանը: