«Գոնե մի ռեալ բան իմանայինք՝ այդ մարդը կենդանի՞ է, թե՞ ոչ». Հարցաքննվել են Թևոսիկի եղբոր սպանության գործով վկաները
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը: Դատարանում այսօր շարունակվեց վկաների հարցաքննությունը:
Վկաներից մեկը, ով սպանված Արթուր Սաֆարյանի հարևանն էր, պատմեց, որ դեպքի օրը՝ 27-ի գիշերը, քնած է եղել, ձայներ է լսել, իրեն թվացել է, թե հրավառություն է, նայել է , տեսել, որ շատ մարդ կա հավաքված, ապա իրեն ասել են, որ «Արթուրին խփել են»:
Դատարանում հարցաքննված վկաներից մեկն էլ ճանաչում էր գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին. նրա խոսքով՝ Իսրայել Սարգսյանն իր ամուսնության քավորն է. նրան ճանաչում է վաղուց, հաճախակի է շփվել նրա հետ:
Գործով մյուս վկան էլ ճանաչում էր մահացած համարվող Մովսես Ներսիսյանին, նրա հետ «զուտ գործնական հարաբերություններ» է ունեցել: Վկայի խոսքով՝ ինքն աշխատել է «Քինգ դելյուքս» ուղևորափոխադրող ընկերությունում, ուր Մովսես Ներսիսյանն ուղևորներ է բերել և զանգել իրեն:
Գործով մյուս վկան էլ զանգահարել էր Մովսես Ներսիսյանին՝ իր հարազատներից մեկի՝ բանակ զորակոչվելու հարցով: Մովսես Ներսիսյանի հետ կատարված դեպքի մասին իմացել էր լրատվամիջոցներից, մինչ այժմ տեղեկություն չունի Մովսես Ներսիսյանից:
Գործով մյուս վկան էլ հայտնեց, որ Մովսես Ներսիսյանն իր փեսան է, խնամել է երեխաներին։ Դեպքից որոշ ժամանակ առաջ Մովսես Ներսիսյանը զանգահարել է, որ խոսի երեխայի հետ, սակայն երեխան քնած է եղել, որոշ ժամանակ անց ինքը զանգահարել է Մ. Ներսիսյանին, սակայն նա անհասանելի է եղել: Վկան Մովսես Ներսիսյանին բնութագրեց որպես «շատ համեստ, նստած մարդ»: Ըստ վկայի՝ ինքը դեպքի մասին իմացել է հեռուստացույցով, սակայն այլ տեղեկություններ չունի. «Ոչ մեկ ոչ մի բան չի ասում»:
Մեղադրողի հարցին՝ արդյոք Մովսես Ներսիսյանին այլ անունով դիմե՞լ են, վկան ասաց, որ Մովսես Ներսիսյանի մորից մի անգամ լսել է, որ նրան դիմել է Արմեն անունով: Վկան ասաց նաև, որ նախաքննության ընթացքում իրեն ներկայացրել են տեսանյութ, ասել, որ դրանում պատկերված է Մովսես Ներսիսյանը, սակայն ինքը դրանում ոչ մի նմանություն չի գտել:
«Ես ուղղակի կցանկայի գոնե մի ռեալ բան իմանայինք, ինչպես են ասում, կներեք էլի, մեր աչքն էլ կտրվեր՝ կամ այդ մարդը կենդանի է, կենդանի չէ (նշենք, որ Մովսես Ներսիսյանի մարմինն այդպես էլ չի հայտնաբերվել), էս էրեխեքը ամբողջ օրը կասետները դնում են, նկարները դնում են, նայում են, ինձ վրա ահավոր ազդում է, ես չգիտեմ՝ ինչ պատասխանեմ: Գոնե հույսներս կտրենք, իմանանք չկա, ես էլ իմ էրեխեքին հավաքեմ, թողնեմ գնամ, իմ էրեխուն պադերժկա լինեմ»,- ասաց նա: