Էդմոն Մարուքյանը՝ նախագահի կողմից տրված ճանապարհային երթևեկությանը վերաբերող հանձնարարականների մասին
Սեպտեմբերի 11-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը, ուսումնասիրության խմբի ղեկավար Արմեն Սաքապետոյանը, «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը: Նշենք, որ այդ խորհրդակցության ժամանակ նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրներին:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով ամիսներ շարունակ բարձրացրել է այդ խնդիրները լուծելու հարցը, համարում է, որ իրենց ձայնը տեղ հասավ: 168.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ ընդհանրապես ոլորտում առկա խնդիրները քննադատվել են ոչ միայն իր, այլև տարբեր քաղաքական գործիչների կողմից: Ըստ նրա՝ մեծ գործ է արել նաև «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը. «Այդ բոլորի ձայները լսելի են դարձել, հիմա պետք է սպասել, տեսնել, թե նշված հանձնարարականների արդյունքում՝ ինչ կփոխվի մեր քաղաքացիների համար, կոնկրետ նշված վարչարարության խնդիրներն ինչպես են լուծվելու»:
Խոսելով այն մասին, թե իրենց կոնկրետ ո՞ր առաջարկներին են ընթացք տվել, ԱԺ պատգամավորը նշեց, որ այդ հանձնարարականների մեջ խոսք է գնում նվազ խախտումների համար չտուգանելու՝ ուղղակի նախազգուշացում տալու, ընդհանրապես համակարգը վերանայելու մասին. «Թե ինչի համար են խախտումներ արձանագրվում, կամ այն, որ օտարերկրյա պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, մինչդեռ հայաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները՝ խախտումների դեպքում՝ պատասխանատվության են ենթարկվում, այսինքն՝ այս խտրական վերաբերմունքի հարցը: Այս հարցերը քննարկման առարկա են դարձել, հիմա ուղղակի պետք է սպասել և տեսնել՝ որ ոլորտներում են այդ փոփոխությունները տեղի ունենում»:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ հենց հիմա որոշվեց ընթացք տալ այդ խնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով, որ նախկինում էլ անընդհատ դրանք բարձրացվել են, Է. Մարուքյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել, ես հասկացա մամուլի հաղորդագրությունից, որ եղել է հանձնարարական, Վերահսկողական ծառայությունն ուսումնասիրել է, ու այդ ուսումնասիրությունների արդյունքներով տրվել են հանձնարարականներ: Պետք է ուղղակի շարունակել պայքարը, տեսնել, թե դրա արդյունքում կոնկրետ ինչ փոփոխություններ կարվեն վարորդների համար, որն ամենակարևոր հարցն է ինձ համար»: