Հայաստանը պետք է զգոն լինի, որովհետև մեզնից շատ հեռու չեն այդ իրադարձությունները. Կիրո Մանոյան
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Թուրքիայում իրավիճակն էլ ավելի կլարվի մինչև ընտրություններն ու հետընտրական օրերին:
«Քրդական բոլոր շրջանակները, որոնք մինչև 2013-ի սկիզբը զինված պայքար էինք մղում Թուրքիայի դեմ, իսկ 2013-ից բանակցություններ էին սկսել, հայտարարել են, որ այդ զինադադարն այլևս գոյություն չունի, պայքարը շարունակվելու է: Մյուս կողմից՝ թուրքական պետությունն է փորձում հրահրել ավելի շատ բռնարարքներ, թեկուզ իր դեմ, որպեսզի ցույց տա, թե քրդական շրջանակներին չի կարելի վստահել»,- նշեց նա:
Կ. Մանոյանը թուրքական իշխանությունների նման պահվածքը բացատրեց նրանով, որ հունիսի ընտրություններին Էրդողանի կուսակցության գլխավոր քվեները պատկանում էին քրդական պահպանողականներին. «Իրենք շարունակելու են սրել իրավիճակը, որպեսզի հասարակությանն ասեն այն, ինչ մի քանի օր առաջ հայտարարեց Դավութօղլուն՝ եթե ուզում եք խաղաղություն, պետք է քվեարկեք 1 կուսակցության օգտին, որպեսզի այն իշխանություն դառնա: Այս բոլորն ավելի շատ Էրդողան անձի խնդիրն է, որովհետև նա ուզում էր խորհրդարանական ընտրություններից հետո այնպիսի մեծամասնություններ ունենալ, որ կարողանա նախագահի լիազորությունները մեծացնել Սահմանադրության մեջ, ինչը չեղավ, ու փորձում է անել»:
Բանախոսը նկատեց՝ Հայաստանը պետք է զգոն լինի, որովհետև մեզնից շատ հեռու չեն այդ իրադարձությունները. «Այդ իրադարձությունները կարող են նաև ազդել Ադրբեջանի հնարավորությունների վրա, օրինակ, այս դեպքերի պատճառով Բաքու-Թբիլիսի գազամուղն արդեն երկու անգամ պայթեցվել է, և դրա գործունեությունը՝ դադարեցվել: Սա նշանակում է, որ ինչ-որ չափով կազդի նաև Ադրբեջանի վրա: Հայաստանի անվտանգությանը մեծ սպառնալիք դժվար թե լինի, բայց պետք է զգոն լինել»: