Միացե՛ք, հայկական անվանումներ տվեք արտարեգակնային մոլորակներին
Միջազգային աստղագիտական ընկերության կողմից (ՄԱՄ) կազմակերպված արտարեգակնային մոլորակների անվանակոչության (NameExoWorlds) մրցույթն այժմ մտնում է իր պատմական եզրափակիչ փուլը: Այժմ հանրային քվեարկությանը բաց են քսան մոլորակային համակարգերն իրենց տասնհինգ աստղերով և երեսուներկու արտարեգակնային մոլորակներով:
Չնայած նրան, որ մարդիկ դեռևս հազարամյակներ առաջ անուններ են տվել երկնային օբյեկտներին, ներկայումս ՄԱՄ-ն է պատասխանատու երկնային մարմինների անվանակոչության համար: Արտարեգակնային մոլորակների անվանակոչության մրցույթը հասարակությանը հնարավորություն է տալիս ոչ միայն անվանակոչել արտարեգակնային մոլորակները, այլև դարեր անց կրկին անվանումներ տալ աստղերին:
Աստղագիտական ակումբները և շահույթ չհետապնդող կազմակերպությունները 45 երկրից ներկայացրել են 247 առաջարկություններ 20 արտարեգակնային մոլորակների համակարգերի համար: Հայաստանից նույնպես առաջարկություններ են եղել Հայկական աստղագիտական ընկերության, Պատանի աստղագետների ակումբի, Հայկական երիտասարդական տիեզերագիտական ընկերութան և «Գուդրայք Ջոն» աստղասերների հասարակական կազմակերպության կողմից:
Հայկական անվանումներին քվեարկելու համար հետևեք այս և այս հղումներին։
Քվեարկությունը կավարտվի հոկտեմբերի 31-ին Գրինվիչի ժամանակով 23:59-ին:
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ