
Եգիպտոսի անվտանգության ուժերը սխալմամբ մեքսիկացի զբոսաշրջիկների են սպանել

Եգիպտոսի անվտանգության ուժերը սխալմամբ 12 մարդու են սպանել, որոնց թվում եղել են մեքսիկացի զբոսաշրջիկներ՝ նրանց սխալմամբ կարծելով Լիբիայի սահմանին կից Արևմտյան անապատում գործող իսլամիստներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Համաձայն Եգիպտոսի ՆԳՆ-ի տեղեկությունների՝ նվազագույնը 10 մարդ վիրավորվել է զինվորականների բացած հրաձգության հետևանքով: Տուժածների թվում կան նաև Եգիպտոսի քաղաքացիներ:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեքսիկացի զբոսաշրջիկներին տեղափոխող 4 ջիպերը մտել են «արգելված» գոտի:
Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը զբաղվում է դեպքի հետաքննությամբ:
Դեպքից 1 օր առաջ ԴԱԻՇ-ի հետ սերտ կապեր ունեցող ջիհադիստական խմբավորումը հայտարարել էր այն մասին, որ իր զինյալները գտնվում են Արևմտյան անապատում:
Այդ շրջանը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, սակայն վերջին շրջանում այն հայտնի է նաև որպես իսլամիստների բազա: