«Ամենայն լրջությամբ հայտնում եմ Ձեզ, որ «ամենակաղ» հայ համայնքը գտնվում է Վրաստանում». Սերգեյ Նազարով

Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Անավարտ թռիչք» ֆիլմն արդեն երկար ժամանակ իր նոր ռուսական անունն ունի ՝ «Прерванный полет»: Այդ անունը նրան նվիրեց «Грани кино» ընկերության հիմնադիր և պրոդյուսեր Սերգեյ Նազարովը, ով մի քանի տարով գնել է ֆիլմի ցուցադրման իրավունքներն ԱՊՀ երկրների տարածքում: Ս. Նազարովի կազմակերպած Մոսկովյան պրեմիերային, ի թիվս հայ և ռուս հանդիսատեսի, ներկա էին նաև ռուսական շոու-բիզնեսի հայ ներկայացուցիչներ ևս, որոնց թվում էր նաև դերասան և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը:

Anavart

Ֆիլմը ցուցադրվել է նաև Սոչի քաղաքում: Ինչպես նշում է Ս. Նազարովը, ի զարմանս իրեն՝ ֆիլմի հանդեպ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ավելի շատ ռուս հանդիսատեսը, քան հայերը: «Նախքան ֆիլմի պրեմիերան բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել և տպագիր մամուլում, և հեռուստատեսությամբ, սակայն, ի զարմանս ինձ, ռուսներին ֆիլմի թեման ավելի շատ հետաքրքրեց, քան հայերիս: Ինձ լսեցին բոլորովին այլ մարդիկ»:

Հիշեցնենք, որ ֆիլմը նվիրված է 2006թ. մայիսին տեղի ունեցած ողբերգական իրադարձությանը, մասնավորապես՝ Երևան-Սոչի չվերթի ինքնաթիռի ավիավթարի զոհերի հիշատակին:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ արդյոք շահութաբեր եղա՞վ ֆիլմի մոսկովյան վարձույթը, Ս.Նազարովը պատասխանեց. «Իհա՛րկե ոչ: Ֆիլմի ցուցադրման վրա ներդրված գումարի միայն 10 տոկոսն եմ կարողացել ետ բերել: Ես չէի էլ սպասում շահույթ այս ֆիլմից: Քանի որ ամբողջ աշխարհը նշում և հիշում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ես այս ֆիլմը, որտեղ ևս հայերի ողբերգական էջերից մեկն է արտացոլված, ներկայացրել եմ Ցեղասպանության տարելիցի շրջանակներում: Ես դա արել եմ՝ որպես հայ: Ցավով պետք է նշեմ, որ հայերին այս թեման այդքան էլ չհետաքրքրեց»:

Nazarov1

Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ Ս.Նազարովը նշել էր, որ անմիջապես մոսկովյան պրեմիերայից հետո պետք է կայանար նաև պրեմիերա Վրաստանում: Սակայն անցել են ամիսներ, և այն դեռևս չի կայացել: Մեր հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս չի կայացել ֆիլմի պրեմիերան, Ս. Նազարովը պատասխանեց. «Պատճառներից մեկն այն է, որ Վրաստանի հայ համայնքը շատ վատ է աշխատում: Ես ոչ թե գանգատվում եմ, այլ պարզապես ուզում եմ ասել, որ մարդիկ չպետք է նայեն միայն մի ուղղությամբ: Ինձ դուր չի գալիս, թե ինչպիսի մոտեցում է ցուցաբերվում հայ արվեստին Վրաստանում: Ես՝ որպես բազում երկրներում հայ համայնքներին ծանոթ մարդ, ամենայն լրջությամբ հայտնում եմ, որ «ամենակաղ» հայ համայնքը Վրաստանում է գտնվում: Թե Ռուսաստանի, և թե ԱՄՆ հայ համայնքն ունի իր խոսքը, իսկ Վրաստանի հայ համայնքը, բառիս բուն իմաստով՝ դեգրադացված է: Ես չեմ տեսնում միասնություն հայերի մեջ: Ամեն մեկն իր գործով է ապրում, իր առօրյայով, և վերջ… Կարծում եմ՝ մարդ որ երկրում էլ ապրի, պետք է իր գլուխը բարձր պահի»:

Մեր հարցին ի պատասխան, թե ի վերջո կկայանա՞ «Прерванный полет» ֆիլմի վրաստանյան պրեմիերան, Ս. Նազարովը վստահեցրեց, որ այն անպատճառ կայանալու է մոտակա ժամանակահատվածում: ««Грани кино» ընկերության ներկայացուցիչը Վրաստանում և Հայաստանում այսուհետ լինելու է կինոյի մեծ սիրահար Մադինա Թատևոսյանը, ով զբաղվելու է մեր ընկերության կողմից վարձույթի հանված բոլոր ֆիլմերի ցուցադրման կազմակերպչական աշխատանքներով և PR-ով:

Nazarov

Անպայման ուզում եմ նշել, որ Վրաստանի կինոթատրոնների տնօրենները եկան ինձ ընդառաջ՝ համաձայնելով հայկական, բայց ռուսալեզու ֆիլմ ցուցադրել Վրաստանի կինոէկրաններին: Ասում եմ՝ եկան ընդառաջ, քանի որ նրանք՝ որպես բիզնեսմեններ, ռիսկի են դիմում մեծամասամբ ռուսերենին չտիրապետող և ռուսերեն չխոսող Վրաստանում՝ ռուսալեզու ֆիլմ մտցնելով վարձույթ: Դա արվում է մեծամասամբ հայ համայնքի համար: Այս առիթով ես շատ շնորհակալ եմ իմ վրաց գործընկերներից»,- նշում է Ս. Նազարովը:

Nazarov01

Ս.Նազարովը պատմեց նաև դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանի «Սուպեր մամա» ֆիլմի ռուսաստանյան վարձույթի վերաբերյալ որոշ մանրամասներ: Հիշեցնենք, որ Ս.Նազարովն ամիսներ առաջ ձեռք է բերել նաև «Սուպեր մամա» ֆիլմի վարձույթի իրավունքները: «Ինչ վերաբերում է «Սուպեր մամա» կոմեդիային, կարող եմ ասել, որ այս ֆիլմի շուրջ հետաքրքրությունն իրապես մեծ է թե Մոսկվայում, և թե Վրաստանում:

Nazarov02

Սեպտեմբերի 24-ին կկայանա «Սուպեր մամա» ֆիլմի պրեմիերան Մոսկվայի՝ «Ռայկին պլազա» կինոթատրոնում: Իսկ արդեն հոկտեմբերի 1-ից այն կլինի վարձույթում Մոսկվայի բոլոր կինոթատրոններում: Վրաստանի հանդիսատեսը ֆիլմը կկարողա տեսնել արդեն հոկտեմբերի վերջին»,- նշում է Ս. Նազարովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս