«Ռոբերտ Քոչարյանը որ գա, դառնալու է ոչ միայն Անգլիայի թագուհի, այլ մի բան էլ՝ Անգլիայի թագուհուց վատ». Արշակ Սադոյան
«Վերջին դեպքերն էլ հստակ ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի թանկացումը չհիմնավորված էր, իսկ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ՝ վասալական հարաբերությունների պարտադրում»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում էներգակիրների շրջանում մեծ հեղափոխություն է եղել, նոր տիպի էներգակիրներ են հայտնաբերվել, և մեզ մոտ պետք է էժանանար էլեկտրաէներգիան. «Էներգակիրների գները կտրուկ անկման մեջ են: Մեզ մոտ տեղի է ունենում հակառակ երևույթը: Գազը սահմանում 25 դոլարով էժանացել է, բայց բնակչության վրա դա չի տարածվում: Այդ գումարը գնում է «ՀայՌուսգազարդին», որն ամբողջությամբ ռուսական ընկերություն է: Սա արդեն բացարձակ գաղութացում է: Այս ամենի դեմ պետք է ինչ-որ քայլեր անել, բայց քանի որ մեր քաղաքական ուժերն անընդհատ Կրեմլին նայելով են համարձակվում քաղաքականությամբ զբաղվել, և անընդհատ սպասում են, թե Մոսկվան ի՞նչ «դաբրո» պետք է տա, դրա պատճառով արհեստականորեն լռում են ու նոր թեմա են գտել՝ սահմանադրական բարեփոխումներ: Ջահելներին էլ խաբում-տանում են, որ ասեն՝ դեմ ենք:
Ա՜յ, հարգելի ջահելներ, դուք ի՞նչ գիտեք՝ որ հոդվածն ինչի՞ մասին է, չեք էլ կարդացել էդ անտերը, բա ո՞ւր եք ձեռքներդ քշտել ու «Դեմ ենք» շարժման մեջ մտնում: Իհարկե, այդ Սահմանադրությունը լուրջ թերություններ ունի, դրա բուն նպատակն այն է, որպեսզի այսօրվա իշխողներն այլ մեխանիզմներով իրենց իշխանությունը պահեն, բայց ունի նաև բավական դրական կողմեր: Եթե դուք չեք համարձակվում պետության կառուցվածքի մասին խոսել, ինչո՞ւ եք ջահելներին «քշում» այդ գործի մեջ»:
Ա. Սադոյանի կարծիքով՝ քաղաքականությամբ զբաղվում են մարդիկ, որոնք վաղ մանկությունից փորձել են իրենց թագավոր պատկերացնել. «Պատկերացրեք՝ մարդն ամբողջ կյանքում մտածել է՝ որ դառնամ նախագահ, էս կանեմ, էն կանեմ, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ, եթե սահմանադրական փոփոխություններ լինեն, դառնում է զրո: Բնական է, որ նրանք պետք է դեմ լինեն դրան ու փորձեն նախագահական ինստիտուտը վերականգնել, որ իրենց մանկության երազանքներն իրականանան:
Հայաստանում միշտ բարձր կարգի իշխանավորները, այդ թվում՝ նախագահները, անընդհատ իշխանությունն օգտագործել են սեփական շահերի համար, և արդյունքում՝ ստացվել է այնպես, որ, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն այսօր միլիարդատեր է: Եվ քանի որ Քոչարյանը որոշել է նորից վերադառնալ քաղաքականություն, դառնալ նախագահ, իսկ սահմանադրական բարեփոխումները դա թույլ չեն տա, «քսի» է տալիս ԲՀԿ-ին ու մյուսներին, որոնց ջրերն է ընկնում նաև ՀԱԿ-ը, և բոլորը միասին բողոքում են: Ռոբերտ Քոչարյանը որ գա, դառնալու է ոչ միայն Անգլիայի թագուհի, այլ մի բան էլ՝ Անգլիայի թագուհուց վատ: Բնական է, որ ասում է՝ ինչպե՞ս կարելի է այս Սահմանադրությունը փոխել, դեմ ենք: Ա՛յ ցավդ տանեմ՝ դու դեմ ես, որովհետև կյանքիդ նպատակն է, բա էն ջահելներին ինչո՞ւ ես ներքաշում խաղի մեջ»: