Աղմուկ դատարանում. Կյուրեղյանի գործով նիստը հետաձգվեց մի քանի ժամով
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մինչև ժամը 15:00-ը հետաձգվեց Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը: Նիստը վերսկսելուց հետո դահլիճում ներկաները չդադարեցին աղմկել՝ պահանջելով դատական նիստն անցկացնել ավելի մեծ դահլիճում, ինչպես նաև՝ Հայկ Կյուրեղյանի ներկայությունը նիստին: Դատավորը պարզաբանեց, որ Հայկ Կյուրեղյանը հեռացված է դատական նիստերից:
Աղմուկը դատարանում շարունակվեց, ներկաներից մի քանիսը հեռացվեցին դատական նիստերի դահլիճից, իսկ նիստը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ նիստը սկսվելուց կարճ ժամանակ անց՝ հետաձգվեց հինգ րոպեով: Դահլիճում ներկաները բողոքեցին, որ ձայնը չի լսվում, ինչից հետո նիստն ընդմիջվեց: Որոշ ժամանակ անց հայտարարվեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով նիստը տեղի կունենա մեկ այլ դահլիճում, որը զգալիորեն փոքր է մյուս դահլիճից: