«Հայաստանը Ռուսաստանի համար ստրատեգիական դաշնակից է, իսկ Ադրբեջանը՝ սիտուացիոն հաճախորդ». Արման Նավասարդյան

«Թուրքիայում հիմա շատ բարդ իրավիճակ է, այնտեղ իսկական պատերազմ է գնում: Մեր պետության սահմանների մոտ ևս սկսվել են բախումներ, ինչը վտանգավոր է մեզ համար: Եթե հարևանի տանը հրդեհ է, ապա այն վտանգավոր է նաև քեզ համար: Թե ինչպե՞ս դա կվերջանա՝ դժվարանում եմ ասել: ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները չեն պաշտպանում Թուրքիայի շահերը, ԱՄՆ-ը ավելի հաճույքով օգնում է քրդերին, որովհետև քրդական պետությունը եթե լինի, կդառնա նոր դաշնակից ԱՄՆ-ի համար»,- այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ըստ նրա՝ մյուս լարված կետը ԼՂՀ-ն է. «Շրջանառության մեջ է դրված այն վարկածը, որ ռուսներն ադրբեջանցիների հետ միանալով՝ ցանկանում են հանձնել հողերը, բայց կարծում եմ՝ սա ոչ տրամաբանական մոտեցում է այսօրվա քաղաքական իրավիճակում: Դա չի լինի ոչ թե նրա համար, որ ռուսները մեր դաշնակիցներն են, այլ, եթե ռուսները մեծ շահեր ունենային հանձնելու հարցում, ապա բոլոր դաշնակցային համաձայնագրերը կխամրեին կայսերապաշտական շահերին դեմ հանդիման: Մեծ փոփոխություններ ռուս-ադրբեջանական հարաբերություններում չի լինի: Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ոչ մի ժամանակ երբեք չեն եղել շատ բարձր մակարդակի և չեն էլ կարող լինել: Ռուս-հայկական հարաբերությունների մասին մի բանաձև եմ ընդունել. Հայաստանը Ռուսաստանի համար ստրատեգիական դաշնակից է, իսկ Ադրբեջանը՝ սիտուացիոն հաճախորդ»:

Դեսպանը նկատեց՝ ադրբեջանական զենքի 85 տոկոսը ռուսական է: Ըստ նրա՝ եթե մեծ պետությունը հանձնում կամ վաճառում է զենք, որոշ առումով կախման մեջ է դնում այն երկրին, որն ընդունում է այդ զենքը. «Սակայն, ինչքան էլ որ ասեն՝ Ռուսաստանը Բաքվին նախազգուշացնում է, որ այդ զենքը չպիտի օգտագործվի Հայաստանի դեմ, դա ոչ տրամաբանական մոտեցում է: Մենք ունենք ՀԱՊԿ-ի պայմանագիր, որի երկրորդ կետի համաձայն՝ եթե Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, ՀԱՊԿ-ն պետք է հակահարված տա: Ուրեմն ի՞նչ է ստացվում. ռուսները կռվելու են իրենց զենքի դե՞մ»:

 

Տեսանյութեր

Լրահոս